փող։ Աշխարհք գիտե, որ Հաջի Աբդուլ - Հյուսեյնը ուրիշի փողն ուտողը չէ։ Բայց ես այդ չեմ անիլ, ձեռքովս հիմնած գործարանը ինքս չեմ քանդիլ և ձեզ բաշխածս հարստության դեմ չեմ մրցիլ, որ կործանեմ։
— Հա՜ յր, մի բորբոքվիլ…
— Եթե ես չբորբոքվիմ, ալլահն է ինձ վրա բորբոքվելու, որ ձեզ նման անզգամ որդիներ եմ մեծացրել, անարգ զավակներ, որոնք արժանի չեն հայրական այն անհուն շնորհներին, որը ես թողի ձեզ հեռացա։ Եթե ես չբորբոքվիմ ու ձեզնից չհեռանամ, հավիտենական դաժան հալածիչը չպիտի հեռանա ետևիցս։ Ես պիտի դուրս գամ այս հարկից, որ Թավրիզի բոլոր հայրերը տեսնեն և զգուշանան, որպեսզի այլևս ոչ ոք իր կենդանությանը իր կարողությունը, իշխանությունը ձեզ նման անխիղճ որդիներին չհանձնե…
— Հայրիկ, չէ՞ որ մենք բոլորս քո որդիքն ենք և մեր պակասության հաշիվը քեզնից ենք պահանջելու։
— Այդ տխմար միտքը ինձ այնքան խիստ է տանջել, որ այլևս համբերել չեմ կարող։ Մեր պակասությունները ծածկելով, թաքցնելով ես այսօրն ընկա։ Եթե ձեր անզգամության համար ես ևս մեղավոր եմ, թող մարդիկ ինձ էլ դատապարտեն։ Հանցավորն ու մեղավորը պետք է պատժվին և ապաշխարեն, որ հոգեկան խաղաղության հասնին։ Բավական է, ապերախտ և չարագործ զավակներ. աշխարհը լայն է, դուք ձեզ համար, ես ինձ համար, իրարից հեռու ապրենք։ Ես նոր գործ սկսելու ոչ սիրտ ունիմ, ոչ էլ հավաս, բայց մեր թաղի շուկայում մի փոքրիկ կրպակ կարող եմ կառավարել, ասեղ, թել, կոճակ և ուրիշ մանրուք ծախել, օրական մի - երկու ղռան շահել ու ապրել։
— Հայրիկ, դու առաջ մեզ թաղիր, ապա գնա կրպակ բռնե և մուրացիկի գործ կատարիր։
— Ո՛ չ դա շատ ազնիվ և բարոյական գործ է, քան թե յոթ անգամ ծառային ձեր կրպակը ուղարկել և ձեր ղրկելիք 70 ղռան ողորմսւթյանն սպասել։ Անկախ կրպակի գործը հազար անգամ ավելի վսեմ է, քան թե ձեզնից մուրացկանի նման ամսականի սպասելը։