Հաջին ոչ միայն հանգիստ էր իր կրպակում, հրճվանք էր ազդում իր կնոջը՝ Քյուլսունին, ուրախացնում էր ընկերակիցներին, մտերիմներին, մխիթարում բանվորներին, այլև կենդանի օրինակ էր դարձել ողջ Թավրիզին։ Ամենքը խոսում ու նախատում էին Հաջիի որդիներին, որոնք այնքան անբարեխիղճ և գազանաբար էին վարվել իրենց ծերունի հոր հետ։ Ոչ միայն ամենքի նախատինքի առարկան եղբայրներն էին, այլ ամենքը նրանց երեսնիվար անարգում էին, թե ինչի այդ վիճակումն էին թողել իրենց թշվառ հորը։
Աբդուլ-Ալին և եղբայրները ինչ միջոցի դիմեցին, չկարողացան այլևս համոզել ծերուկին, որ թողնե կրպակը և դառնա իր տունը։ Մինչև անգամ Աբդուլ-Ալին խոստացավ կանանոցի մեջ նրա համար առանձին երեք սենյակ հատկացնել։ Ծերունին ասում էր.
- Ես ամեն բան ձեզ տվի, ամեն ինչ հանձնեցի, այլևս ձեզնից չեմ կարող մուրալ, ողորմություն խնդրել։ Ինչ որ ունեի, չխնայեցի, բայց կյանքս ձեզ չեմ կարող տալ։ Կաշխատեմ և կապրեմ։
Թեև Հաջիի որդիները շատ միջոցի դիմեցին, որ կարողանան իրենց բանվորներին-ծառայողներին արգելել, որ հորից ապրանք չառնեն, բայց հնար չգտան։ Օրեցօր ավելի և ավելի հաջող էր գնում ծերուկի առուտուրը։ Հանգիստ նստած կրպակում ծախում էր, վաճառատունները ապսպրած ապրանքները իսկույն ուղարկում էին, մինչ այն աստիճան, որ իր նստած Բաղարչայի (փոքր շուկա) դրացիներն անգամ սկսան նրա վրա նախանձել, թեև նրա երևալը այնքան հաճախորդ էր քաշում դեպի այդ շուկան, որ նույնիսկ դրացիների առուտուրի էլ զարգացման պատճառ էր դարձել։ Նույնիսկ Հաջիի երաշխավորությամբ և միջնորդությամբ մեծ վաճառատները նրա դրացիներին էլ մեծ քանակի ապառիկ ապրանք էին բտց թողնում, որով ավելի կենդանացավ թաղի առուտուրը, միայն թե այդ լավությունը այնքան նկատելի չէր դրացիների համար, որքան ծակում էր նրանց սիրտը Հաջիի հաջող գործը։
Հաջի Աբդուլ-Հյուսեյնի այս համառ և հաջող ընթացքը այնպես էր բորբոքում նրա հարսներին, մանավանդ զավակներին