Այս էջը հաստատված է

քեզնից պիտի փախչենք, որդին էլ հորից երես թեքե ու խույս տա՞։

- Ա, սինլքոր, որ դու քու հորդ տանիցդ վռնդեցիր, տըքնեցար նրան քաղցով սպանել, գիշերս էլ մյուս եղբայրդ ուզեց նրան նավթով վառել, այդ բավական չէ, այժմ էլ ինձ ես ձգտում խաբել…

- Սուտ խոսքեր են, զրպարտություններ են, ինքներդ քննեցեք և պիտի համոզվիր, որ ամբողջապես հերյուրանքներ են։

- Ես ձեզ կղրկեմ շառը, թող այնտեղ կամ հաստատեն այդ զրպարտիչները իրենց բողոքը և կամ իրենք դատապարտվին զրպարտության համար։

- Ո՞վ կհամարձակվի շառի դռնից փախչելու.․․ մենք պատրաստ ենք,- ասաց համարձակություն ձևացնելով Աբդուլ–Ալին, այնինչ հին գայլը նկատեց, թե ինչպես սարսափեց կաշառատուն շառի և մյուջթեհիդի անունից, այս պատճառով հարցրեց.

- Գանգատավորները ներսը սպասում են, ես նրանց կանչել կտամ։ Կողմնակի համաձայնությամբ մի մյուջթեհիդ ընտրեցեք, գնացեք նրա ատյանը և թող շառով որոշում կայացնեն։ Եթե անմեղ եք, զրպարտողներին պատժել տամ, եթե մեղավոր, այդ դեպքում գնացեք շինել տվեք և ամբողջ շուկայիկը, և վճարեցեք քսանչորս կրպակավորների հրդեհին զոհ գնացած ապրանքի գինը։

—Ես հակառակ չեմ շառ գնալու, բայց վալիահթի հրամանով սիրահոժար հանձն առա շուկայիկը իմ հաշվով շինելու։ Իսկ եթե դուք կարծում եք, որ մենք որպես հանցավոր պարտավոր ենք հրկիզյալների վնասները տուժելու, այդ դեպքում Բազարչան էլ չենք շինիլ։ Թող նախ հաստատեն եղբորս վրա կատարած զրպարտությունը, ապա ստանան վնասները։ Այն հինգ հազար թումանը, որ վալիահթի հրամանով ձեզ բերելու են այսօր, խնդրում եմ ինքներդ վերցնեք, առանց մի գրոշ վճարելու Բազարչայի վերաշինությանը։ Մեզ էլ ուղարկեցեք Հաջի Միրզա-Մյոհսին աղա մյուջթեհիդի մոտ։ Շատ շուտով կբռնեք, թե ով է մեղավորը։