—— Ես լավ գիտեմ, թե ով է մեղավորը, բայց ինչ օգուտ, որ վալիահթը Մեհմեդ-Ալի-Միրզան է։ Գնացեք և Բաղարչան ձեր քսակից շինել տվեք, եթե ոչ, մոխրի վրա կնստեցնեմ ձեզ։
Այս ասելով նշան տվեց, որ հեռանա Աբդուլ-Ալին, որի դուրս եկած րոպեին նրան դիմավորեցին Մյուջելալն ու եղբայրը, որոնք 5000 թումանի բանկային ստացագիրը ներս էին տանում Ամիրին ներկայացնելու։ Աբդուլ-Ալին չթողեց, որ Աղան ընկերակցի Մյուջելալին, և երկու եղբայրը մռայլած դեմքով վերադարձան իրենց վաճառատունը։
Հաջի Աբդուլ-Հյուսեյնն ու ընկերակիցները իրենց գանգատից ետ չկանգնեցան։ Նրանք անընդհատ Ամիրից և գլխավոր մյուջթեհիդներից դատաստան էին խնդրում։ Սրանք էլ իրենց սովորականի համաձայն գանգատավորներին խաղաղեցնում էին։ Մյուս կողմից էլ ստիպում էին նուխեցիներին անպայման շուտով վերջացնել հրկիզված շուկան։ Մեծ եռանդով շուկան շինվեցավ երեք շաբաթվա ընթացքում և ամեն մի կրպակավոր իր գործին կպավ։
Աբդուլ-Ալին շուկայի գլխավոր առևտրականներից մի քանիսին գաղտնաբար վնասները վճարեց, թղթեր առավ։ Սրանք իրենց գանգատից ետ կեցան, երբ նկատեցին, որ չպիտի կարողանան միջոց գտնել մեծամեծներին կաշառելու, նպատակին հասնելու։ Բավարարվածները իրենց խոստման համաձայն ոչ միայն դադարեցան դատարանների դռները բախելուց, այլև հորդորեցին, հուսահատեցրին իրենց ընկերակիցներին ընկճեցին։
Հաջի Աբդուլ-Հյուսեյնը ոչ միայն վնասները չստացավ, այլ մտատանջությունից ընկավ անկողին։ Թշվառ ծերուկին տանջում էին պարտքերը, որոնք մնացել էին այլևայլ առևտրականներից բերած ապրանքի փոխարեն։ Թեև ոչ ոք Հաջիից առնելիքը չէր պահանջում, բայց որպես հին վաճառական, խստապահանջ մարդ, անչափ մտորում էր այդ պարտքերի համար։
Մանավանդ որ ինքը մտածմունքից հիվանդացել էր, Քյուլսունը հղի էր և ապրուստի միջոցներն էլ սպառվել էին։ Երբ