Այս էջը հաստատված է
ՇԽՆՈՑ
(Պատկեր Սազի գյուղացիների կյանքից)
1

Ապրիլի սկզբներում դեռ ձյունը թանձր շերտով բռնած էր սարերն ու ձորերը, դեռ քամին փչում էր ցրտաշունչ սուլումներով, սրսփացնում երկրագործին։ Թեև ծիծառներն ու արագիլները վերադարձել էին հարավից, բայց բների մեջ դեռ չէին տաքացել։ Թեև դաշտերի երեսից անհետացել էր սպիտակ սավանը, բայց խրամատներում ձյունից կազմված սառույցները ճգնում էին դիմադրել արևի ոչ-շատ տաք ճառագայթներին։ Արդեն վաղ սպառվել էր գյուղացու անասունների պարենը, և նա քշում էր լղար ու թույլ անասուններին այս ու այն կողմ, ձյունի տակ չորացած, փտած և փափկած նախորդ տարվա խոտի մնացորդներով սովալլուկ ստամոքսներին հագեցում տալու և մի կերպ կյանքը հինգ-տասն օրով ևս քարշ տալու, մինչև նորածիլ բույսերի գետնի երեսից քիչ բարձրանալը։ Մարդ ու անասուն բոլոր ճիգերով վեց֊յոթ ամիս դիմադրել էին մահաբեր ձմռանը և հասել հուսատու գարնան, բայց այնպես ուժասպառ էին եղել, որ նրանց հուսահատեցնում էին պառավի չորս֊հինգ օրվա սառնաշունչ հովերը։ Բայց և այնպես կյանքն այնպես քաղցր էր, այնքան սիրելի ու գրավիչ, որ կսկծացնելով մկաններն ու ոսկորները, ջղերն ու կաշիները, դիտողին քստմնեցնելով, տքնում էին մի կերպ հեռացնել մահը և դիմադրելով նրան, մտնել հուսաբեր գարուն։


Գյուղի մեջ՝ Շխնոցում, առավոտ վաղ կյանքը եռում էր։ Արդեն գոմերն ու ախոռները դատարկվել, արածելու էին տարել