Այս էջը հաստատված է

Գիշեր էր անցել։ Վարդևանը արորը հազիվ մի քիչ կարգի էր բերել և Մելքոնին հանդի մեջ լծկանների քով թողած, եկել էր տուն հանգստանալու։ Փոշենման թոնը սփռվում էր, և դաշտերը ամեն կողմ թրջվել, խխմել, այնպես էին կակղել, որ ման գալն անհնար էր դարձել, մարդիկ քայլելիս մինչև ծնկները խրվում էին ցեխի մեջ։ Այնպես թանձր ամպերով էր պատել երկինքը, որ ոչ միայն ոչ մի աստղ չէր նկատվում, այլև խավարը կատարելապես տիրապետել էր, դաշտում ոչինչ չէր տեսնվում։ Շխնոցը անհայտացել էր մառախուղի մեջ և բացի շների երբեմն ակի տխուր ոռնոցից, ոչ մի շշուկ չէր լսվում։ Աղջամուղջը կարող էր կատարելապես հուսահատեցնել, եթե մարդիկ զարթուն և սթափման վիճակի մեջ նրանում գտնվեին, բայց քնի ժամանակ տպավորություն չէր կարող գործել այդ մառախուղը մարդկանց սրտերում։

Շների ոռնոցը աստիճանաբար սաստկանում էր, և գյուղի սահմանից լսվում էին սոսկալի հաչոցները։ Մարդիկ՝ գյուղացիք, այնպես էին հոգնել ու դադարել, այնպես էին լքանել ու թմրել, քնել ու խորթացել, որ ոչ ոք ուշք չէր դարձնում այդ հաչոցներին։ Բայց հավատարիմ կենդանիները իրար հետ բոլոր ուժերով հաչում էին անընդհատ։ Հեռվից լսվում էր ևս ձիերի ոտնաձայներ, որոնք աստիճանաբար մոտենում էին գյուղին, և կարծես ձիերն էլ հոգնած, ուժասպառ գյուղի շների ոռնոցի ձայնից քաջալերված, աշխատում էին ժամ առաջ հասնել իջևան և հանգստանալ։ Ձիավորները շատվոր չէին, լորս հոգի էին և բոլորն էլ զինված։ Նրանց բարձրացրած աղմուկը բորբոքում էր Շխնոցի շներին։

Վերջապես մտան գյուղ և այս ու այն կողմ ոլորվելուց հետո եկան իջան Վարդևանի դռանը։ Մի քանի անգամ դուռը զարկին և ձիավորներից ավելի համարձակը իջավ ձիուց, բարձրացավ կտուրը և ձեռքի մտրակով շների հետ կռվշտելով երդիկից ձայն տվեց.

— Վարդևան՛ն, Վարդևա՛ն, դուռը բաց։

Մի քիչ հետո Վարդևանը ճրագը ձեռքը դուրս եկավ և բակից