ինչ-ինչ հարցեր տալուց, պատասխաններն ստանալուց հետո դուռը բացեց և ներս քաշեց անկոչ հյուրերի ձիերը։ Չորս ձիավորներից երկուսը դատաստանական ատյանի ծառայող էին, մինը ոստիկան և չորրորդը Վարդևանի պահանջատերը՝ Գևորգ աղան էր։ Հենց այդ միջոցին ամպերը սաստիկ գոռգոռում էին, և օդը փայլատակում էր, բայց Գևորգ աղայի անակընկալ գալուստը միայն շանթահարեց Վարդևանին։
Հյուրերին ներս առաջնորդեց Վարդևանը, ձիերը ախոռը կապելով, բայց դրանց կերակրելու ոչինչ չուներ տանը։ Ո՛չ կաթ ուներ, ո՛չ մածուն, եղն ու պանիրը վաղուց էր սպառել, իսկ հացը առավոտ միայն թխելու էր Գարանը։ Խոտ, գարի, դարման, յոնջա՝ նշույլն անգամ չէր մնացել։
— Ձիերին յոնջա տո՛ւր,- ասաց ոստիկանը հրամայական եղանակով։
— Յոնջա՞,- ասաց ապուշ-ապուշ Վարդևանը,- այս տարվան բքերն ու ցրտերը տունը երգ շատ թողի՞ն, որ ես մարագի անկյուններից ձեր ձիերի համար յոնջա գտնեմ։
— Խոտ բե՛ր,- ասաց վրդովված ոստիկանը։
— «Ես ասում եմ, թե ներքինի եմ, նա կրկին հարցնում է, քանի՞ որդի ունիս»։
— Ահա, էֆենդի, թե ի՞նչ անխիղճ են այս գյուղացիք… Ես որ ձեզ պատմում եմ, դուք չեք հավատում,- ասաց բորբոքված Գևորգ աղան։ Կեսգիշերին, այս անձրևին, փայլատակումներին ու ցեխին ես ու՞մ դուռը գնամ և պարեն գտնեմ մեր ձիերին։ Դադրած անասունները հիմի տանջանքից կկոտորվեն։
— Ինչի՞ չեք հավատում, աղա՛, ինչի՞ եք ամբաստանում, ահա ճրագը, ահա մարագներս… Հրամմեցե՛ք, ես ձեզ կառաջնորդեմ ամեն տեղ, դուք խոտանս լավ ծանո՞թ եք։ Եթե մի բան գտնեք, ես արժանի եմ ձեր նախատինքին ու մեղավոր, ապա թե ոչ, դուք ինչ եք պատասխան տալու ձեր խղճին…
— Ծո՛, հիմի հավատա՞մ, որ մի բուռը խոտ կամ դարման էլ չունիս։