— Արևս վկա՛, գլուխդ վկա՛, աղա՛, ինչի՞ ես անհավատացել:
— Ախար անլեզու անասուններին խո չե՞նք կարող սպանել:
— Ւ՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնիմ:
— Դրկիցից փոխ ա՛ռ, պարտք վերցրու, գնա փողով գնե, ես կվճարեմ:
— Այո՛, եթե լինի, եթե ունենան, — ասաց Վարդևանը հառաչելով:
— Ծո՛, փողն որ ցույց տաս, հոգիներն անգամ կծախեն, — ասաց Գևորգ աղան:
— Չկա, չունին… Հավատա՛ խոսքիս։
— Գնա՛,— ասաց պաշտոնապես էֆենդին Վարդևանին, — այս ոստիկանին էլ տար և ձեր քեհյային ասա, որ մեզ համար խոտ, գարի գտնի և ինքն էլ գա, նա մեզ անմիջապես հարկավոր է։
Վարդևանը ոստիկանի հետ գնաց և բավական ուշացան, մինչև մի խուրձ հոտած ու ապականած խոտ գտան ու բերին։ Մինչ երկուսով էին մնացել սենյակում՝ վաշխառուն ու պաշտոնականը, առաջինն ասաց.
— Էֆենդի՛, սաստիկ համառ է այս անիծածը, դուք պիտի աշխատիք սրան վախեցնել, հետո քիչ–քիչ համոզել, որ գրավ դնե ինձ մոտ հողերը, մինչև փողիս վճարելը։ Հակառակ պարագայ՛ում դուք սպառնացեք, որ աճուրդով ծախել կտաք ինչպես շարժական, նույն պես անշարժ կալվածները:
— Դու անհոգ կաց, Գևորգ աղա՛, ես նրան մեղրամոմից փափկացնեմ:
— Դուք չգիտեք, էֆենդի, սրանք ի՜նչ սերունդից են. որ կտրտես, դարձյալ իրենց խոսքը չեն փոխիլ: Պետք է խիստ վարվել և դաժան դեմք ստանալ: Հակառակ պարագայում զուր կանցնի մեր այցելությունը…
— Զուր կանցնի՞: Դու շնորհքս չտեսա՞ր այսօր այնտեղ, այստեղ էլ միևնույն բանը կպատահի…
— Այնտեղ ուրիշ էր դրությունը, այնտեղ ձեռքումդ հրամանագիր ունեիր դատարանից, այնտեղ կարգադրված էր