Այս էջը հաստատված է

Գևորգ աղայից, որ ներողամիտ լինի քու պակասությանը։ Մենք առանձնանանք ու կարգի բերենք հաշիվդ, առանց դրացիներդ բանը լսելու։ Առավոտ վաղ վեր կենան ու գնան, պատիվդ էլ դուռ-դրկից ի մոտ հողի հետ չհավասարվի։

- Չգիտեմ ինչ պատասխանեմ… Մի՞թե այս քրիստոնեություն է, մի՞թե այս մարդկություն է… Մի՞թե աստված չկա, խիղճ չկա,- ասաց հեկեկալով Վարդևանը և ձայնը կոկորդի խորքերում խեղդվեց։

- Անխի՛ղճը, անաստվածը, դո՛ւ, դո՛ւ ես, ապերախտ,— ասաց կատաղած Գևորգ աղան:- Փող ուզելու գալիս հրեշտակ եք դառնում, ողորմելի, անմեղ արարածներ, իսկ մենք երբ փողերս ետ պահանջելու լինենք, օձի նման աղուն ու թույնը բերաններդ, մոտենում եք մեզ խայթելու։ Մեղավոր եմ, որ փողս ետ եմ պահանջում, հանցավո՞ր եմ, երբ իրավունքս եմ պաշտպանում…

— Փողդ պահանջելու իրավունք ունիս, քեզ բան ասող չկա, բայց պաշտոնյայով դուռս գալդ օջախս քանդեց, կրակս մարեց…

— Ես տասնևհինգ օր առաջ աղբորս ուղարկեցի, քեզ կանչեցի քաղաք, բայց դու անտարբեր, մի պատասխան անգամ չճամփեցիր։

— Ես խոստացա գալ, բայց ցանքից չպրծա։

— Ո՛չ, ո՛չ, դու փախս ես տալիս, դու երեք տարի է ինձ մատի վրա խաղացնում ես, խաբխբում ես…

— Ւ՞նչ երեք տարի, ի՞նչ խաբխբել, աշունքը քեզ մոտ չէի՞, որ երկու լիրա տվի, կալին ինձ մոտ չէի՞ր, որ երկու սոմար գարի տարիր. անցյալ գարնան մատակներս չծախեցի և քեզ չհանձնեցի՞ երեք լիրա։ Ախր, խի՛ղճ ունեցիր։ Հինգ լիրա հինգ տարի առաջ փող ես տվել, քանի տարի է վճարում եմ, տալիս եմ, չեմ պրծնում, հիմա էլ…

— Անօրենի լեզվին աշե՛. խոսածն իմացիր և զրպարտությունները լսե… Թե մուրհակդ մոտս չլիներ, պիտի ուրանայիր և կուլ տայիր փողերս։ Երեք տարի առաջ տասներկու լիրա եմ տվել կանխիկ փողով, ահա՛, կարդա մուրհակդ…