Այս էջը հաստատված է
4

— Այո՛, այո՛ ես չեմ ուրանում, ճիշտ է, այդ մուրհակը ես եմ տվել, միայն հինգ ոսկի փոխարինությանս վրա երկու տարեկան տոկոսիքը, ծախսերը և տուգանքը վրա եկաք, ինձ պարտավորեցրիք, ստիպեցիք ստորագրելու այդ մուրհակը։ Նեղն էի, հանգամանքից օգտվեցիք և հարյուրին քառասունութ տոկոս վեր առիք, տոկոսի էլ տոկոսը վրա եկաք, գլորեցիք ինձ հորը և այժմ ի՞նչ է մտքերինդ, աղա՛, եկել եք ձեր ոչխարին մորթելու, ահա՛, մորթեցեք․․․ Բայց առաջ մանր ու խոշորիս խեղդեցե՛ք, սպանեցե՛ք, հետո էլ ինձ ուզում եք բութ դանակով…

— Այդ հիմար ցնդաբանություններիդ մարդ չի հավատալ, ես քեզ հինգ ոսկի տվել էի, նորն էլ չգիտեմ որքա՜ն տվի, տոկոսն էլ վրա եկանք ու մուրհակ ստացանք…

— Անխի՛ղճ, անհոգի՛, դու էլ ե՞րբ ես ինձ փող տվել, բացի հինգ ոսկին… Երդվի՛ր, մի երդվի՛ր զավակներիդ արևովը, ես, ես ոչ թե տասներկու-քսանչորս ոսկի էլ կտամ։ Շատ բանդ իմացել էի, բայց երես-երես ստելու աստիճան աներեսությունդ չէի գիտեցել։

— Ես սո՞ւտ եմ խոսում։ Երբ քեզ նման զզվելի արարածին հանում, կարմիր ոսկի փոխ եմ տալիս, ցավում վրան, օգնության հասնում, աներե՞ս եմ դառնում։ Հայտնի բան է, տոկոս էլ պիտի ստանամ։ Հապա որտե՞ղ ես իմացել, որ առանց տոկոսի փող տան։

— Տոկո՞ս, անխիղճ, անհոգի, երկու տարվան մեջ հինգ ոսկին ինչպե՞ս տասներկու ոսկի դարձավ, իսկ երեք տարի է տալիս եմ, տալիս եմ, փողը փող, կալի մեջ՝ ցորենը, եղն ու պանիրը, հավն ու գառը, էլի չե՞մ պրծնում…

— Դե՜հ տեսե՛ք, տեսեք ի՞նչ խայտառակն է եղել։ Մի պուտուկ յուղ է բերել կամ տոպրակով մածուն, կամ մեկ-երկու կաժ պանիր և ուզում է դրանցով պարտքը վճարած համարել։

— Ինչպես թե մի պուտուկ եղ. ախար տաշտով չորս լիտր դուռդ բերի անցած տարի, չորս լիտր այս տարի։ Հերու տասը