Այս էջը հաստատված է
ԾՊՏՅԱԼ ՍՈԻԼԹԱՆԸ

Հարյուր ու քանի մը տարի սրանից առաջ, երբ ենիչերիների և կղերի ձեռքով գահ բարձրացավ սապատողն թուրքաց Սելիմ Գ. սուլթանը, նախորդների սովորության համաձայն իր վարժապետ խոջայի հետ ծպտած՝ դուրս եկավ Էսկի-Սարայ պալատից՝ մայրաքաղաքը շրջելու և հասարակության գանգատները կամ գոհունակությունները անձամբ լրտեսելու։ Նա հագել էր Թեքքեի դերվիշի աղքատիկ հագուստ և գլխին ծածկել թաղիքի երկար նարնջագույն գդակ, այնպես որ ոչ ոք չէր կարող երբեք նրան հասարակ դերվիշից զանազանել։ Սուլթանին առաջնորդող Խոջան էլ թեև մոլլայի կապույտ ջուպպե ուներ հագին և սպիտակ ապարոշ գլխին, բայց սա էլ իր տիրոջ՝ սուլթանի, նման շատ համեստ էր հագնված, և երկուսն էլ երկար համրիչները ձեռքներին՝ ծանր քայլերով և մեղմ խոսակցությամբ Դյուլ-Խանեի նավամատույցից նավակ նստան և, ծովի երեսին քիչ պտույտ անելուց հետո, որպես հասարակ քաղաքացիներ, դուրս եկան Պալըգ֊Խանեի նավամատույցը։

Դեռ չէին մոտեցել ծպտյալները նավամատույցին, երբ հեռվից նկատեցին մի գեղեցիկ հագնված երիտասարդ, որ հսկա քայլերով նեղ փողոցից դուրս գալով՝ հասավ նավամատույց և մենակ մի նավակ վարձեց, որ նրան անցկացնե Ոսկեղջյուրի վրայով դիմացը՝ Ղալաթիա։ Այնքան կոկլիկ էր այդ երիտասարդի սև սաթի նման փայլող ջուպպեն, Բուխարայի այնքան նուրբ մորթուց էր կարված ղալփաղը