ժողովվածը ի՞նչ սրտով պիտի լափես… Բան չեմ ասում, փուշ դառնա, բուկդ մնա, հավիտյան դեղի դիմես, ճար չգտնես։ Հալբաթ որ ամեն հինգ ոսկու փոխարեն եթե երեսնականներ ստանան, նրանց ոսկին չի տեղավորիլ ո՛չ ամբարներում, ո՛չ քիլարներում, և աշխարհը կտիրեն իրենց փողով։ Բայց այդ ստակը, այդ հարստությունը իրենցը չէ, մերն է, մեր, մշակներինս է, մեզնից են խլել, գջլել ու դարսել…
Արշալույսը պարզվել, արևն արդեն հորիզոնից մի նիզակաչափ բարձրացել էր, Շխնոցի նախիրը հեռացել, հորթերի-կովերի բառաչոցը, ոչխարների֊գառների մայոցը, այծերի֊ուլերի կտկտոցը դադարելու վրա էին, երբ Վարդևանը մալերի ետևից Գարանի վերադառնալը նկատելով, ասաց.
- Այդ ոչուփուչիդ խելքը գլուխը բեր, ասա, որ եթե նա մեկ էլ գիշերը դռնից դուրս գա, Մանուկի լակոտի հետ տեսնվի, երկուսին էլ մի մահակով շանսատակ կանեմ…
Գարանը մի այնպիսի կերպով ծամածռեց դեմքը, որ կարծես ուզում էր ասել. «Մարդ, գժվե՞լ ես, ինչե՞ր ես խոսում, ո՞վ… ի՞նչ է պատահել» և ամբողջ մարմնով մի հարցական նշան դառնալով՝ ամուսնին ոտքից գլուխ զննեց, հայացքը քննեց և նրա դեմքից ասածների շարունակությունը րոպեական կերպով կարդալուց հետո ներս մտավ. Վարդևանը, մի խոժոռ հայացք նրա ետևից ուղղելով՝ ասաց.
— Անզգա՛մ, իբրև թե չես իմանում և ջանում ես անմեղ հրեշտակ երևալ աչքիս և ինձ մոլորեցնե՞լ։
Արևը աստիճանաբար բարձրանում էր, կիզելով լեռ։ դաշտ, հետզհետե սաստկացնելով ջերմությունը։ Գյուղացիք արդեն մտել էին մարգերը խոտերը հնձելու և մեծ ջանքով էին գերանդին շարժում, հուսալով իրենց բերքով ոչ միայն նույն և հետևյալ ձմեռը իրենց անասուններին կերակրել, այլ մինչև անգամ մի մասն էլ ծախելով կարիքները հոգալ։ Հարս-աղջիկ, պառավ թե դեռահաս, կանայք անգամ