հետևյալ ամսում ծախվելու էր ևս անշարժ կալվածքը։ Բավական չէր այս գույժը, Վարդևանը պարտավոր էր գուժկանին կերակրել, պատվել և մի փեշքյաշ տալով, արձակել։ Քեհյան և նրա խորհրղականները այդպես էին խորհուրդ տալիս։ Թեև Վարդևանը հակառակվեց, բայց պաշտոնականը բռնությամբ մինչև չկորզեց մի մեջիդիե (մոտ 2 ռ.), չհեռացավ, դեռ առանց հաշվելու կերած հավերն ու ձվերը, տարած մածունն ու կարագը, վառեկներն ու գառը։
Հարվածը սարսափելի էր, Մեղրենց արյունարբու լակոտը մտադրածը պիտի կատարեր։ Գեղի մեջ պարծեցածը պիտի գլուխ բերեր․․․ Վարդևանի կայքը, արտերը պիտի Արզրումի մեջ մունետիկի ձեռքով աճուրդով ծախել տար։ Այս միտքը սպանում էր Վարդևանին, այս հարվածը խելաբժուժ արավ հողագործին, որը գիշեր և ցերեկ հանգստությունը կորցրեց։ Քեհյան ու տերտերը անընդհատ հետևում էին Վարդևանին և երկուսն էլ քննում էին նրա բոլոր արարքները ու տեղեկացնում մանրամասնաբար Գևորգ աղային, որի մարաբաներն էին։ Գևորգ աղան խոստացել էր աճուրդից գնել Վարդևանի կալվածները և հանձնել նրանց մշակելու մարաբայական կարգով։ Այս բանից մասամբ տեղեկություն ստացել էր և ինքը՝ Վարդևանը։
— Ողջո՛ւյն,— ասաց մի իրիկուն տուն մտնելով տերտերը Վարդևանին և անցավ բազմեցավ բազմոցի գլխին, առանց սպասելու տանտիրոջ բարի «հրամ մեցեքներին»։ Շատ չանցած նրան հետևեց քեհյան, որը նույնպես տեղ բռնեց տերտերի դիմաց։ Վարդևանը անմռունչ նստած էր, առանց լսելու և մասնակցելու անգամ նրանց խոսակցությանը։ Տրտնջում էին գյուղի ջոջերը իրենց վիճակից, անողորմ բախտից և հուսահատությունները արտահայտում։ Վարդևանը միայն երբեմն-երբեմն հառաչում էր։
― է՛հ, Վարդևան աղբար,— ասաց տերտերը խրատչի տոն տալով յուր ձայնին,— ի՞Նչ շատ հառաչեցի՛ր, ի՞նչ շատ մնջեցիր։ Աշխարհ է, մի օր այսպես, մի օր այնպես կմթնեցնենք, կանցնի, կերթա։ Աշխարհի համար ի՞ևչ ես այդքան հոգս քաշում։ Այս անցավոր կյանքն ի՞նչ է, որ մարդ դրա