գանձարանին, մանավանդ որ այն ժամանակ քրիստոնյաները առանց այդ հարկը վճարելու էլ կարող էին գաղտնապես իրենց տներում կարևոր գինին և ուրիշ խմիչքները պատրաստել և հարբել: Նրանք լռելյայն անցան Սուլթան-Բայազեթի հրապարակից դեպի Ֆաթիհ-Սուլթան-Մեհմեդ և այնտեղից ուղղակի բռնեցին Էյուբի ճանապարհը: Երկար էին փողոցները և ամայի, հարյուր քայլին մի մարդու, մի խափշիկ աղախնի հազիվ էին պատահում, իսկ Խոջան ճարտարախոս էր։ Նա անդադար, ջրվեժի նման թափում, պատմում էր սուլթանին առօրյա հարցերից, կատարված դեպքերից և անցյալ պատմությունից։
Նրանք մտան մի նեղ փողոց, որտեղ ո՛չ խանութ կար, ո՛չ էլ արհեստանոց, բոլորն էլ մյուսլիմ ժողովրդի բնակարաններն էին՝ աջ թե ձախ։ Հեռվից նկատեցին մի սիմիտ (բուբլիկ) ծախող բոշնակ, որ ծանրաքայլ առաջ էր գնում և խզխզոտ կանչում. սիմի՜տ, սիմի՜տ։
Բոսնիացին առանց կասկած տանելու, որ իր խզխզան ձայնը կարող էր անախորժ հնչել ծպտյալների ականջներին, վաճառքին հաճախորդ գտնելու տենչով, անդադար կրկնում էր. «Սիմի՜տ, սիմի՜տ», որպեսզի տների խորքերում գործի հետ եղող տիկինների ականջներին հասցնի իր խռպոտ ձայնը և անախորժ եղանակը, որ նրանք լսեն, դուրս գան դեպի լուսամուտները՝ սիմիտ գնելու։ Ծպտյալները հեռվից դիտում էին բոշնակի բոլոր շարժումները:
Հանկարծ սիմիտչին կանգնեց, ուսից վար դրեց եռոտանին, գլխից իջեցրեց տեփուրը և դրեց եռոտանու վրա։ Թրքուհին բարձրացրեց լուսամուտի փայտի մատներից հյուսված խիտ վանդակը, կիսով չափ կախվեց լուսամուտից և փղոսկրի նման ողորկ և փայլուն, ձյունի նման սպիտակ և շողշողուն մերկ բազուկը տարածեց, ձգվեց և բոշնակի ձեռքից առավ երկու սիմիտ։ Այս առուտուրը այնպես բորբոքեց մոլլայի նախանձը, այնքան ատելություն աճեց նրա սրտում, որ չկարողացավ կրքերը զսպել ու ասաց կատաղաբար.
— Խո տեսա՞ք, աչքով տեսաք, մատաղդ լինիմ, թե ինչպես անհավատը ներքևից դիտում էր ու հրճվում։ Ինչ աղտեղի