և հինգ օր հետո քաղաք գնալով, գրավ դրեց յուր բոլոր հողերը՝ տանը հետ, շեյխի մոտ քսանվեց լիրայի: Նա ստացավ միայն տասնուվեց լիրա ու կես, որը հանձնեց Գևորգ աղային և արդարադատության պաշտոնյաներին ու ազատվեց Մեղրենց ժառանգների ճիրաններից: Կես ոսկի դրոշմաթղթի վճարեց, երկու ոսկի նոտարական ծախսերին, մի ոսկի ղադիին և մի ոսկի էլ կալվածական պաշտոնակալին, որ արձանագրություն կազմեց Վարդևանի կալվածագրերը շեյխի մոտ գրավական թողնելու մասին: Այնպես որ շեյխին, ճշմարիտ է, Վարդևանը տվեց միմիայն քսանչորս տոկոս՝ քսանմեկ լիրայի համար մի տարեկան հինգ լիրա շահ, բայց իսկապես Վարդևանը վճարեց ոչ թե քսանչորս տոկոս, այլ նա պարտավորվեց վճարելու մոտավորապես վաթսուն տոկոս:
Ուղիղ է, շեյխը քսանմեկ լիրա վճարեց և քսանվեցի մուրհակ ստացավ, այնպես որ ամեն տեղ կարող է արդարանալ, քանի որ վեր է առել լոկ յուր դրամի համար քսանչորս տոկոս, բայց Վարդևանը դրոշմաթղթի, նոտարի, ղադիի և կալվածական ատյանի ծախսերը, այդ փոխարինության պատճառով վճարելով, նրա գրպանի դուրս եկավ իրեն հարկավոր գումարի համար մոտ վաթսուն տոկոս: Հանկարծ երբ ամեն վճարումները կատարելուց հետո հաշիվը կարգի դրեց շեյխը և քննելով հայտնեց Վարդևանին տարեգլխին վճարելիք գումարի քանակը, վերջինս մնաց ապշած: Ամեն վճարում յուր ներկայությամբ էր եղել. շեյխը պարտական չէր նրա փոխարեն ծախսեր կատարել, հետևաբար ինքը պարտավոր էր դեռ համբուրել յուր շեյխ աղայի ջյուպպեի փեշերն ու հեռանալ անվերջ շնորհակալիք հայտնելով:
Բայց Արզրումից Շխնոց հինգ վերստաչափ ճանապարհը մինչև հասնելը, Վարդևանը դառն մտքերով և առաջիկայում իրեն սպասող սոսկալի ապագայի խնդրով այնքան տանջվեց, որ գունատված, մեռելատիպ հազիվ տուն ընկավ: «Քսանվեց լիրա», կրկնում էր նա անդադար, «քսանվեց օսմանյան ոսկի» և հուսահատվում: Այդքան գումար որտեղից պիտի միանվագ ձեռք բերեր և շեյխին տալով, կալվածքը գրավից ազատեր: Թեև զգում էր, հայելու նման աչքի առաջ տեսնում էր