Այս էջը հաստատված է

որ յուր ամբողջ տարվան վաստակից իմ արտերս ութ-տասն անգամ ավելի կբերեն, եթե փորձանքի չենթարկվեն։

Լռեցին երկու խնամիները, և Վարդևանը սուզվեց յուր ցավերի մեջ, այնպես որ իսկույն մոռացավ աղջկան։ Նրա աչքերի առաջ ներկայացան Գևորգ աղան, շեյխը, պարտատերերը, որդիքը և նա թմրած, ինչ անելիքը չէր կարողանում վճռել։ Մանուկն էլ նույնպես խրված էր յուր ցավերի մեջ։ Որդուց հավիտյան բաժանվելու հարցը բաց արեց նրա աչքի վրայից այն քողը, որը թույլ չէր տալիս իսկությամբ զննելու յուր վիճակը։

Խնամիները իրարից շուտով բաժանվեցան, առօրյա հացի խնդիրը, տիրող սովը, քաղցից առաջացած մորմոքը նրանց ստիպեց առժամանակ մոռանալ նույնպես իրենց սիրելիների կորուստը, որոնց մասին նամակի առթիվ քիչ փղձկացել ու լացել էին։ Իսկույն նրանք ընկան այս ու այն դատարկ ամանները, ողողեցին պտուկներն ու բղուղները, ավլեցին ամբարների անկյուններն ու արանքները, որպեսզի այդ օրն էլ լցնեն իրենց անհատակ ստամոքսները, մինչև հաջորդ օրվան մի կերպ հասնելու…

12

Օր-օրի վրա Վարդևանը գնում էր Արզրում և ետ գալիս, բայց ո՛չ միայն փող, այլ մինչև անգամ նամակ էլ չկար։ Որտե՞ղ էին Գեդևոնն ու Մելքոնը, տեղեկութլուն անգամ չուներ Վարդևանը։ Ցանքսի օրերը մոտենում էին, մոլորությունը տիրել էր թշվառ պարտապանին։ Շեյխի պարտքի ժամանակամիջոցին մնացել էր և ոչ իսկ վեց ամիս, եթե արտերը չցանվեին, արդեն պետք էր ձեռք քաշել ամեն բանից։ Ղարսից դարձողները ոչ մի տեղեկություն չէին բերում Գեդևոնից, իսկ համբերությունը համարյա թե կտրվել էր։

Այդ բոլորի վրա ավելացավ ևս զինվորական տուրքի (բեդելեթ ասքերիեի) խնդիրը, գործակալները գյուղ էին եկել և բռնադատում էին երեք օրվան մեջ հավաքել հանձնել տուրքը։