աչքերով, գարշելի սրտով ձգտում էր այս անհավատը հարաբերության մեջ մտնել իսլամի հարեմի անարատ կնոջ հետ։ Որքան խաղերով ու նազանքով էր տարածում սիմիտը ու տանջում թշվառ կնոջը։
— Կասկածը լավ բան չէ, Խոջա, իսլամին չի վայել ենթադրություններով խոսիլ, գուցե և բամբասել մի բոլորովին անմեղ կնոջ։
— Ներեցե՛ք,— ասաց Խոջան, զգալով իր սխալը,— ներեցեք, տեր իմ, որ կրոնական նախանձախնդրությունս ինձ չափազանց կուրացրեց, ես մեղքի տակ ընկա ենթադրական բամբասանքով։ Բայց և այնպես սիրտս ծակվեց, կարծես մի նիզակ մխեցին այնտեղ, երբ նկատեցի, որ աչքի անմերձենալի հարեմի տիկինը լուսամուտից կռացած կես մարմնով, բաց դեմքով, կրծքով ու բազուկներով մերկացավ անօրենի աչքերին։ Սա էլ փոխանակ դեմքը ծռելու, գետին նայելու, զմայլած նրա գեղով, քիչ էր մնում պատից վեր թռչի։
Նրանք առաջանալով մոտեցան բոսնիացուն, որ ստացած փողը քսակը զետեղելուց հետո տեփուրը կրկին գլխին դրեց, եռոտանին ուսերին և, շարունակելով ճանապարհը, կրկնեց նույն խռպոտ ձայնով ու եղանակով. «Սիմի՜տ, սիմի՜տ, սիմի՜տ»։
Սուլթանը կրկին ոտից մինչև գլուխ զննեց բոշնակին, բայց ամեն բան օրինական գտավ, բոլոր շորերը սև, բոլոր հագուստը մթին, թշվառի տանջանքն ու սուգն էին արտահայտում։
Ծպտյալները առաջանալով շարունակեցին իրենց քայլերը դեպի էյուբ և որովհետև սաստիկ հոգնած էին, մտան մի ղայֆեխանա (սրճարան )՝ թե՛ հանգստանալու և թե՛ ժողովրդի կարծիքները լսելու։ Սրճարանատերը այս անծանոթ հաճախորդներին իսկույն աթոռ տվեց, վազեց սառը ջուր բերեց, մոտերը դրեց, որ ծարավները հագեցնեն և ինքը մոտեցավ օջախին՝ սուրճ պատրաստելու։ Սրճատանը մեծ բազմություն կար. մոլլաներ, արհեստավորներ, կալվածատերեր, թաղական պաշտոնյաներ, ենիչերիներ։ Բոլորն էլ անտարբեր զբաղված