Այս էջը հաստատված է
ԺԱՌԱՆԳՆԵՐ
(Թուրքահայերի կյանքից)
ՔԵՀՅԱ
Ա

— Ես ողջ, առողջ… թողնեմ, որ Կարճ-Օհանի աղան՝ այն խլնքոտ Մինասը քեհյայությունը ձեռքիցս խլե՞։ Ես, Ամիրխան քեհյայի փեսաս, յոթ պորտով քեհյաների օջախի վերջին ծուխը, իմ աներոջ` գզիրի, որդու առաք գլուխ իջեցնե՞մ․․․ Չե՛, ավելի լավ է չապրել, քան թե Մինասի հրամանները կատարել։ Յոթը տարվա մեջ տասնեյոթն անգամ ես մտրակիս տակ նրա մեջքի կաշին եմ պոկել, հիմի ինչպե՞ս նրա առաջ վիզս ծռեմ… Անօրեն ծխեր, Թեմրանը կվառեմ, ողջ գեղը մոխրի կույտ կշինեմ, ծծի կաթնակերին ու անդամալուլյծներին անգամ չեմ խնայիլ և չեմ թույլ տալ, որ ձեր կամքը կատարվի, ձեր նոր ընտրածը իմ գլխին հրամաններ կարդա։ Դուք ձեր ուզածն արիք, այն խլնքոտին հաստատել տվիք, արդար իրավունքս ձեռքիցս խլեցիք, դե՜հ, տեսնենք, կկարողանա՞ք ձեր նպատակին էլ հասնել, թե ոչ…

Այսպես շարունակում էր Քյալաշը՝ նախկին քեհյան, յուր մենախոսությունները, չարդախում ման գալով և ագահաբար չիբուխից ծխախոտի ծուխը ծծելով, երբ ներս մտավ նրանց մշակ Մրոն ու ասաց, թե ձիերը պատրաստ են։ Պաշտոնանկ քեհյան իսկույն տուն մտավ և լավ զինվելուց հետո դուրս եկավ, նստեցին ձիերն ու Մրոյի հետ ճանապարհ թնկան Քղի՝ գավառական ավանը։

Թեմրանցիները վախ չունեին իրենց նախկին բռնավոր քեհրայից, վալիից հրաման էին դուրս բերած գայմագամի