վրա, որն իսկույն գյուղի վարչության ղեկը հանձնել էր Մինասին, որին գյուղացիք սրտանց հարգում էին նրա արդարասիրության համար։ Ղայմաղամը չէր կարող միջամտել այս դատում, և Քյալաշն էլ երբեք չէր կարող գրառվել գյուղացոց, որ կարողանար կրկին բարձրանալ գյուղապետության բարձին։ Կաշառակերության, անիրավ պահանջներին, անտեղի տուրքերին և հարկերին վերջ էր տրվել, վաշխառուները, հարկահանները, մուբաշիրները (աշար՝ տասանորդ հավաքող) էլ իրենց ընկերակից չունեին Թեմրանի քեհյա Քյալաշին, և գյուղացիներն ազատվել էին քեհյայի արտերը ամենից առաջ անվարձ վարելուց, ցանելուց, քաղելուց ու կրելուց։
Հայտնի բան է, այս բոլորը մեծ ցավ էր Քյալաշի համար, բայց նրան ավելի վշտացնում էր յուր պարտությունը, նա գլխիկոր չէր կարող տանել յուր դրացիների ծաղրալի արհամարհանքները։ Քյալաշը անդադար մտրակում էր յուր նժույգը նեղ կածաններից, ժայռոտ զառիվայրերից թե՜ վեր, թե՛ վար, դեպի նպատակատեղին, անմռունչ և մտազբաղ։ Նույն օրը, երկու֊երեք ժամից հետո, մի նեղ ձորից մտան Քղի ավանը և ծուռումուռ փողոցներից անցնելով բարձրացան գյուղի ամենաբարձր թաղը, ջրաղացների շարքում, նախկին թնդանոթի ձուչարանի մոտ, և մի փոքրիկ խրճիթի առաջ ձիերից իջան։ Այդ միջոցին խրճիթից դուրս եկավ մի թխադեմ կին, որն աղբի քթոցը շալակը կտուրն էր բարձրանալու՝ աթար թխելու համար։
— Ֆաթի՛, Մամո բեգը տա՞նն է,— հարցրեց Քյալաշը, որին փոխանակ պատասխան տալու, քրդուհին կեղտոտ լաչակի պոչով երեսը մասամբ ծածկեց և, խրճիթի դուռը կիսատ բանալով, կանչեց ամուսնուն.
— Կոռո Մամո՛, Կոռո Մամո՛ (ծո Մամո՛),— և առանց ուշք դարձնելու յուր անկոչ հյուրերին, առանց քաշվելու գնաց յուր գործին։ Մի քանի վայրկյանից հետո դուրս եկավ Մամոն, հյուրերի ձիերը ներս քաշեց, հրավիրեց ախոռի օդան և նրանց տակ խոտերի վրա երկու կտոր պատռած խսիր փռելով, նստեցրեց։ Թե ի՞նչ խոսեցան կամ ի՞նչ պայմանավորվածություն ունեցան