Այս էջը հաստատված է

արե՞լ են, հաց ունե՞ն, հարկն ու խարջը տվե՞լ են… Մեզ բերելիս փող խոստացան, օրական խոստացան․ մի փոր հացիս ջոկ, ո՞վ է սև փողի երես տեսել։ Մի՛ խոսացնեք, եղբա՛յր, ցավերս, կսկիծներս մի՛ նորոգեք։ Ես ի՞նչ ասեմ մեր տղոցը, որ վարպետ Խնկոյի խոսքին համոզվեցին, Ղարսի ճամփից ետ դարձան, Քղի եկան։


Ե

— Մինաս քեհյա,— ասաց կատակի ձևով մի օր Մամո Թեմրանի տանտիրոջը, որի երեսից ծաղրն ու ծիծաղը հեռացել էր ինքնակոչ բեգի գյուղ մտնելուց հետո, — այս սար ու ձոր, աշխարհը հերկեցիք, սևացրիք, ինչի՞ չմտածեցիք ինձ համար էլ մի թիզ հող հերկել։ Ձեզանից հարկ չեմ ուզում, խարջ չեմ առնում, թոշակ չեմ ստանում, մանր ու խոշոր քաղցած խո չե՞ն կոտորվելու։ Ինձ էլ ձեր հովիվներից, ձեր ղարաուլչիներից մեկի տեղը համարեիք ու գեղվորի մի արտ էլ իմ անունովս հերկեիք, գուցե այդ ձեր առատասրտությունը տեսնելով, աստված գոհարով ու մարգ արտով կլեցներ նրա մեջ աճելիք ցորենի հասկերը։ Է՜հ, փուչ աշխա՛րհ, ապերախտ մարդի՛կ, ես ձեզ համար հոգվով աշխատեմ, չթողնեմ, որ մինչև անգամ ձեր մի ոչխարի քիթն արյունի, իսկ դուք մտածում էլ չեք, որ մի կտոր հաց գոնե տաք Մամոյի երեխաներին…

— Իրավունք ունիս, բե՛գ, շատ արդար է ձեր պահանջը, մենք հանցավոր ենք… Բայց դուք, որպես մեր մեծը, պետք է ներեք ձեր ստորադրյալների հանցանքը, պիտի ցույց տաք մեր պարտականությունը և հրամայեք, որ կատարենք ինչ որ հարկն է։

— Երկարաբանություն պետք չէ,— ասաց քուրդը կտրելով շողոքորթ և ստորաքարշ քեհյայի խոսքը։— Գնացեք, գեղովի ժողով արե՛ք, եթե տուն-գլուխ ինձ մի օրավար հոգ տաք, ես էլ կլինեմ ձեզ մի դրացի, ես էլ կունենամ ինձ ապրուստ։ Ես ձեզանից, էլի չասի, խարջ ու խալաթ չեմ ուզում, աստծու տված հողից ինձ էլ բաժին տվեք, թե պաշտոնս ուրիշ