Այս էջը հաստատված է

— Դու քու դարդը լաց, որբի ու անճարի տերը ես եմ։ Դու խո տալիս ես երկու օրավար։ Ես, ես կուզեմ, ունեցողները խո կտա՞ն, չունեցողների հետ էլ մի կերպ յոլա կերթանք։ — Բայց… — Բայց-մայց պետք չէ՛, դու գնա, գզիրը ուղարկի՛ր, համբաներին կանչի՛ր քեզ մոտ, խոսի՛ր, ես էլ կգամ, գործը կարգի կդնենք։

Մինասը գլուխը քարշ գցած, դիմեց դեպի յուր տառապյալ դրացիները։ Շատ խոսեցին, շատ վիճեցին, շատ բորբոքվեցին, բայց մեջը-վերջը հետևեցին իրենց տանտիրոջ և Քյալաշ քեհյայի օրինակին․ մարդագլուխ որը մի օրավար, որը երկու օրավար, աղքատն ու տնանկն էլ կես-կես օրավար հող բաժին հանեցին ինքնակոչ բեղին և հանձն առան հերկել, պարարտացնել, պատրաստել և աշնանը իրենց սերմերով ցանել։

Զ

— Այ մարդ, էս ի՞նչ է քոլ արածը, էս ի՞նչ ճանապարհ ես բռնել, գիտե՞ս ուր ես դիմում,— ասում էր վշտալի սրտով մի գիշեր անկողնում Անթառամը յուր ամուսին Քյալաշին։ — Դու ձայնդ կտրիր, այդ քու գործը չէ, տղամարդու գործին խառնվելը երկար մազ ունեցողներին չէ մնացել։ — Ախար դու էդ գայլին ինչի՞ բերի՛ր տունդ կոխեցիր, քանի՜ մեկ նա իր ավազակներով ուտե, խմե, կոտրե, թափե էս տան մեջ։ Հորս կտակը ոտքի տակ գցեցիր, ժամ և ուսումնարան շինելու համար չտվիր էն հողը, որտեղ այժմ ավազակր իրեն համար սարայ է շինում։ էդ էլ հերիք չէ, էսօր վեր ես առել և տասը օրավա հող էլ ես բաշխում… Ո՞ւմ հողը ումն ես տալիս… Գյուղերը քանդեց, դատարկեց, մարդիկը կոտորեց յուր շինելիք մի բրիշակ դառնալու սարայի համար, այժմ էլ թշվառի բերանից պատառն է խլում։ Քանի՜ մեկ անեծք ու նզովք պիտի կարդա քոլ գլխին գյուղ ու գավառը, քանի՞ մեկ քու պատճառով գերեզմանի մեջ անգամ հորս խաղաղությունը։