րալի դեմքով Մամոն, աչքերը հառերով քեհյայի երեսին և անմռունչ ծծելով չիբուխը:
— Երեկ իրիկուն երկու ձիավոր իջել են Մինասի տունը և այսօր առավոտ ծեգը չծագած ճանապարհ ընկել։
— Որտեղի՞ց են եկել։
— Դերսիմից։
— Դերսիմի՞ց։
— Այո՛, բայց բանը միայն այդքան չէ, գաղտնիքն այն է, որ երբ դուք Արզրում գնացիք, այն օրերը այս մարդիկը դարձյալ մտած են եղել մեր գեղը, մի գիշեր մնալով, այստեղից գնացել են Դերսիմ։ Այս բանը այնքան ծածուկ են պահեք գյուղում, որ ես այս գաղտնիքը հավիտյան չպիտի լսեի:
— Ովքե՞ր են եղել։
— Ոչ ոք չի իմանում, այն գիշերը քեհյայի օդայում մարդ կա եղել, բայց զենքերից և շորերից կարծում են, որ անպատճառ ուռուսի մարդ են եղել։
— Դերսիմում երկու ամիս ի՞նչ գործ են ունեցել:
— Բանն այդտեղ է: Բայց դու այս մտածիր, թե ինչպե՞ս են մտնում գեղ, ինչպես դուրս գալիս, որ մարդ չի իմանում: Լալիի դրած ավազակների գործը ե՞րբ է պատահել, ես կարծում…
— Հան… երկու ամիս առաջ, եկել անցել են, ասիր, այդ օրերին մոտ է… կարելի է կասկածել…
— Ախր, ինչպես գրած էր շրջաբերականում, ավազակները սպանել էին վաճառականներին բերդյանի թվանքով, իսկ ուսուսի միջից գալողները ամենքն էլ խո այդ թվանքից ունին։ Տարած փողերից մի մասը Դերսիմի բեգերին կտային, որոնք միշտ պատրաստ են ընկերանալ այդպիսի քաջերի հետ:
— Խելքի մոտիկ բան է, — ասաց բեգը, — շատ կարելի է: Պետք է Մինասին կանչել և քննություն անել:
— Այդպես էլ հարկավոր է… Ցտեսություն: Մինասը հիմի յուր ձեռքով կբերե աղջկան քո դուռը, դու քիչ խրոխտա, – ասաց քթի տակ Քյալաշը Մամոյի սարայից դուրս գալով: