նյութի մասին իրենց նեղ վիճակն արտահայտեցին, նախատելով վաշխառու դատավորներին և անարժան պաշտոնակալներին։ Երբ ծպտյալները պատրաստվում էին հեռանալու, նարդի խաղացողներից մեկը, խաղն ավարտելով, վեր կացավ ու հարցրեց հանդիսականներին․
— Նոր բան իմացե՞լ եք։
— Ի՞նչ,— ասացին ամեն կողմից և հայացքներն ուղղեցին։
— Բախալները իրենց դատը տարել են և դարձյալ թթու ծախելու արտոնություն են ձեռք բերել։
— Ինչպե՞ս,— կրկնեցին նորից հանդիսականները՝ ուշադրությամբ նորությունը լսելով։
— Չէ՞ որ Իսթամբուլի ղադին երեք հազար ղուռուշ առնելով թթու ծախողներից, վճիռ էր տվել, որ այլևս բախալները թթու չծախեն։
— Այդ հայտնի է, երեք-չորս ամսվա պատմություն է, նորն ասա։ Հետո՞։
— Բախալները հավաքվում են և հինգ հազար ղուռուշ գումարելով, դիմում են նույն ղադուն, որ իրենց կրկին թույլ տա թթու ծախելու։ Այդ գումարներով ղադին գրավվում է և բախալների առաջնորդին սովորեցնում, որ գնա մի քանի հղի կանայք ուղարկե իրեն ղադիի մոտ գանգատվելու։ Բախալները հինգ—տասը հղի կանանց սորվեցնում են, որ գնան ղադիի մոտ գանգատվեն, թե իրենք պատճառավոր են և հաճախ գիշերվա մեջ սրտերը այլևայլ թթու է ուզում։ Թթուծախ ամեն թաղում չլինելով, եղածներն էլ սաստիկ հեռու լինելով, նըրանք վնասվում են, ուշքներն անցնում է և կարող են ավելի մեծ վտանգի ենթարկվել, եթե ղադին իր ապօրինի կարգադրությունը չվերցնե և թույլտվություն չտա, որ բախալներն էլ թթու ծախեն։ Ղադին այդ գանգատավոր կանանց խնդիրքի համաձայն նորից վճիռ է արձակում, որ բախլներն էլ թթու են ծախելու, քանի որ բնակարաններին մոտ թթու չլինելու պատճառով կարող են վնասվել հղի կանայք ու նրանց մանուկները։
Սուլթանն այդ պատմությունը լսելով՝ զայրացած դուրս