Այս էջը հաստատված է

դռան առաջ։ Անակնկալ հյուրերը տանտիրոջ զարմանքն ու երկյուղը սաստկացրին իրենց արտասովոր շարժումներով։ Քուրդը որքան որ աշխատում էր իրեն սառնասիրտ և անվրդով ցույց տալ, բայց սրտի սաստիկ բաբախումները չէին հնազանդում նրա թույլ կամքին։ Չինական ձիերով ամեն տեսակ հարգանքներ տվեց բեգը այդ քաղաքացի պաշտոնյաներին, որոնց շարժումները անթարթ հայացքով դիտում և ամենայն ուշադրությամբ խոսակցությունները լսում էր։ Խոսակցություններից պարզվեց, որ եկողը դատախազի օգնականն էր, ո րը քննիչի հետ քննություն էր կատարելու գավառում։ Այս հանգամանքը ավելի շփոթեցրեց Մամոյին, որը վախենում էր, որ չլինի թե կառուցած փառավոր սարայից Արզրումի միջնաբերդի բանտը տեղափոխվի։ Քիչ հանգստանալուց հետո դատախազը սկսեց քննությունը։

— Այդ բոլորի մասին ձեզ լիովին տեղեկություն կարող է տալ մեր Քյալաշ քեհյան,— ասաց Մամոն։— Նրան պետք է կանչել։ Այս իրիկուն նա ինձ մի գաղտնիք հայտնեց, որը ես արդեն պատրաստվում էի մի առանձին նամակով վալիին հայտնել։

Կանչել տվին Քյալաշին։ Վերջինս զանազան զարդարանքներով և յուր նկատողություններով ու կարծիքներով նկարագրեց ձիավորների պատմությունը ականատեսի նման, դատախազի ներկայության քննիչին, որը մեկ-մեկ արձանագրում էր լսածները։ Քյալաշը խոսքը ավարտելուն պես Մինասին ներս կանչեցին, որը բոլորովին ապշած մնաց, երբ լսեց յուր հակառակորդի և մերժած խնամու զարհուրելի զրպարտությունը, իսկ արհամարհված խնամին անգութ կերպով պնդեց քննիչի առաջ յուր զրպարտությունները։ Մինասը դատապարտյալների դասն անցավ, որին քննիչն ու դատախազը կապկպած ուղարկեցին Արզրումի միջնաբերդի բանտը, մեծապես շնորհակալ լինելով Մամոյից և Քյալաշից, որ կարողացել էին մի այնպիսի կնճռոտ գործ այդպես շուտ պարզել:

Գույժը իսկույն տարածվեց գյուղում և գավառում։ Լացի, կոծի, հառաչանքի, ախուվախի ձայնը լսվում էր ամեն կողմից, ամեն մարդ՝ կին, ծեր, երեխա դուրս թափվեցին և արտասուքները