− Այդ խոսքերը շատ−շատ ենք իմացել,− կրկնեց ծերունին,− բայց մեր դառը վիճակը ոչնչով չի փոխվել․․․
− Թողե՛ք խոսի, տեսնենք ինչ բան է նրա որոշումը,− ասաց գեղի համբաներից մեկը…
− Էլի ա զուր հույս,− պատասխանեց ծերունին։
− Այո՛, Թեմրանը շատ շուտով կազատվի Մամոյի ձեռքից, բայց թե ինչպե՞ս, այդ մի գաղտնիք է, որ վեըջը կիմանանք․․․
− Ախր ի՞նչ գաղտնիք․․․
− Հրամմեր եք, դա մի խորհրդավոր գաղտնիք է,− ծաղրալի դեմքով յուր ընկերակիցների հետ ներս մտնելով ասաց Մամո բեգը։− Գաղտնիքը չի կարելի այդքան բազմության առաջ պարզել․․․ Սուլո՛, Մստո՛, Հասո՛, կապկպեցե՛ք, շղթայեցե՛ք այս գյավուրներին, տարեք բանտ, այնտեղ ավելի լավ խորհուրդ կարող են կազմել։
Զինված ավազակները հարձակվեցան անզեն թշվառների վրա և սկսեցին պինդ−պինդ շղթայել նրանց ձեռքերն ու ոտքերը։ Այդ միջոցին մի քանի ճարպիկ ժողովականներ կարողացան խույս տալ, մի քանիսն էլ մտան ախոռ և անասուններին մսուրքների մեջ պահվեցան։ Քյալաշ քեհյան շղթայակապ ամենից առաջ արժանացավ յուր շինել տված հաստ ու պինդ որմերով բանտում՝ առանձնական կյանք վարելու։
Մինչդեռ Քյալաշը բանտի խորքերում գժվելու աստիճանի բորբոքված տառապում, տանջվում էր, մինչդեռ նրա աչքի առաջից և ոչ մի ակնթարթ չէր հեռանում յուր չարաշահ անցյալի զարհուրելի պատկերը, մինչդեռ բանտի այլ սենյակներում