ասում էր Սոնան,— չլինի՞ թե թողնես, որ գառները մոտենան ու ծծեն, հոգիդ կհանեմ։
— Իրարից հեռու արածեցրե՛ք, Արտո՛, կաշիդ կքերթեմ, թե ոչխարները քիչ կաթ տան,— ասում էր ամեն անգամ ճանապարհ գցելիս Սոնան Արտաշին։ Թշվառ երեխաները իրենց քաղցը հագեցնելու համար անգամ չէին համարձակվում ոչխարներին կթել, գարի հացը կաթով փափկացնել և ուտել։ Պետք էր տեսնել, թե որքան էր չարանում Արտաշը և ինչպես էր հարձակվում, երբ ոչխարներից մեկը, իր գառնուկի մկմկոցին չդիմանալով, մոտենում ու դիեցնում էր նրան։ Շատ անգամ զայրանում էր Աննմանը, դուրս էր քաշում մոր ծիծը և ասում․
— Արտա՛շ, մեղք չէ՞ այդ անասունը, որ այդպես բաժանում, հեռացնում ես յուր ձագից։ Մոր կաթը յուր գառնուկին խնայում ես։
— Իրիկվան, իրիկվան, ես ի՞նչ պատասխան տամ Սոնային,— ասում էր հեռանալով Արտաշը։
— Սոնան ի՞նչ է իմանում, թե գառնուկը ծծել է։
— Նա սատանի աչքեր ունի, նա իմանում է ամեն բան։
— Արտա՛շ, դու խիղճ չունի՞ս, չե՞ս լսում գառնուկի մըկըկոցը, տե՛ս, ինչպե՜ս վազում է մոր ետևից․․․
Արտաշը սլացած, հեռացած էր լինում շատ անգամ այսպիսի դեպքերում, և Աննմանը մենակ փաթաթվում էր գառնուկին, գգվում նրան և արտասվում։ Այսպիսի րոպեներում նա հիշում էր մորը, որի պատկերը երբեք չէր հեռանում յուր աչքի առաջից, հիշում էր Անթառամին, որը երբեք իրեն լալու չէր թողել և ոչինչ չէր խնայել, որին տեսնելու և կրկին գրկվելու փափագով տառապում էր թշվառ դուստրը երազներում անգամ, բայց անողորմ Մամոն արգիլել էր և իրենց շեմքից անցնելու անգամ չէր թողնում ողորմելի որբերին։
Քույր և եղբայր երկու տարի շարունակ ծառայեցին Սոնային, առանց մի օր, մի ժամ անգործ անցկացնելու, և այդքան ժամանակամիջոցում ոչ մի գայլ չկարողացավ մոտենալ նրանց գառներին, և ոչ մի դող՝ նրանց խաշներին։ Ամեն առավոտ վաղ, առանց տրտունջի և պահանջի, գլխները կախած,