կագին գորգերով և մետաքսե թավիշներով փռված, զարդարված սենյակները։
Երիտասարդը այդ հրամանը լսելուն պես՝ գունատվեց, ուշքը կորցրեց, բայց բռնությամբ նրա կոշիկը հանեց մի նավաստի։ Երբ ծպտյալները տեսան կարմիր մաշիկը, սուլթանը զայրալի ասաց.
— Անօրե՛ն, քեզ ո՞վ իրավունք տվեց իսլամի բեգերին ու ամիրաներին հատուկ մաշիկներով զարդարվելու,- և ետ դառնալով՝ երրորդ ակնարկն ուղղեց հետևող դահիճներին ու մտավ նավակ, Խոջայի հետ հեռացավ։
Դեռ ծպտյալների նավակը չէր մոտեցել Սարայ֊Բուրնո պալատական նավամատույցին, երբ ենիչերիների դահիճները մտան Գյուլ-Խանեի դռնով պալատի այգին, արքունիքի Բոստանչի-Բաշիի առաջ դնելով բոշնակի տեփուրը, բացին ծածկոցը և երեք անմեղ քրիստոնյաների գլուխը հանձնելով պալատի զորքերի պահապանների առաջնորդին, ստացան իրենց վարձը՝ ինն իսթամբուլ-ոսկի ու հեռացան։
Ճիշտ տասնևութ տարի հետո, 1808 թվականին, երբ վեզիր Մուստաֆա փաշան մի օրվա մեջ պալատի նույն պարտեզում խողխողել տվեց երկու սուլթաններին՝ Սելիմ Գ-ին և Մուստաֆա Դ-ին, թուրք պատմիչը, հիշելով անցյալը՝ ավելացնում է. Ինչպես ինքը, Սելիմ Գ՝-ը, անգութ վարվեց գահակալության օրերում՝ անմեղ երեք քրիստոնյաների արյունը հեղելով, նույնպիսի անողորմ դահիճների ձեռքով թափվեց իր և իր եղբոր որդու արյունը՝ միևնույն պարտեզում…