ամեն բերան բարի մաղթանք էր կարդում այդ տան նորաբողբոջ տնվորների համար:
- Օհ,- ասում էր մի ծերունի իրեն շրջապատողներին,- տաշված քարը գետին չի մնալ, այդ քարը կվերցնեն էլի պատի ճակատին կդնեն:
- Աստված մեծ է, ողորմությունն անչափ: Հոր հազարները փչացնելը ամեն տեղ տեսնված է, բայց ղոչաղ տղեն էլի կծխացնե հոր քանդված օջախը:
- Աստված զորացնե այդպիսի տղերքը, մարդը սյուն դարձավ, կանգնեցրեց հոր պապենական օջախը,- ասում էր մի ուրիշը:
- Եվ որքա՜ն քաջասրտություն տվեց մեր մատղաշներին: Մեր ցախավելով մոտ արած տղերքին սերտ գործի կպցրեր, հանդը, սարը, ձորը ծաղկեցրեց: Աստված օրհնե դրա ծնունդը, շատ ապրի այդպիսի բարի զավակը:
Հարսանիքի պատրաստությունները վրդովում էին Փրթոյին ու Մամոյին: Բեգի երազը, Փրթոյի իղձը խեղդվելու էին: Գիշեր-ցերեկ Մամոն մտածելով, մի ճանապարհ չէր գտնում, որ կարողանա նպատակին հասնել՝ Ամիրխանենց ժառանգի հետ իր որդուն՝ Փրթոյին կապելով, իսպառ յուրացնել Թեմրանի ընտիր կալվածները: Ինչպես համառ Անթառամը ոչ մի կերպ չէր զիջել, չէր անձնատուր եղել Մամոյին. նրա համառագույն որդին ու աղջիկն էլ խիստ կերպով ընդդիմադրում էին Փրթոյին և ընկերներին:
Մամոն, ճարը կտրված, հարսանիքի նախընթաց իրիկունը կանչեց յուր մոտ տեր-Մելիքսեթին և զանազան սպառնալիքներով, նախատինքներով ուղարկեց Արտաշի մոտ, որ քրոջը չտա գոնե այն մուրացկանի որդուն՝ Ավագին: Միաժամանակ տերտերին էլ սպառնաց, որ եթե պսակեմ եղբորը քեհյայությունից կզրկե, երկուսին էլ միասին կբանտարկե: Այս բանը ավելի կատաղեցրեց Արտաշին, Ավագին, որոնք ընկերների հետ ուխտեցին. կամ ամբողջապես մեռնել և կամ գլուխ բերել սիրահարների ամուսնությունը: