բայց Մամոյի սպասավորների հրացանները տապալում էին հարսնևորներին, իսկ վերջիններիս հրացանները փշրում էին միայն ապարանքի լուսամուտների ապակիները։
Մի խումբ տղերք Արտաշեսի հետ բահերով, գերաններով աշխատում էին փշրել ապարանքի դուռը, բայց Քյալաշ քեհյան այնպես պինդ էր շինել տվել, որ հեշտ չէր ջարդել։ Կես ժամ չանցած ողջ գյուղը հավաքվել էր ապարանքի շուրջը, մեծ աղմուկով, մեծ իրարանցումով դղրդացնում էին ապարանքը։ Մամոն, երկյուղից ապարանքի խորքերը քաշված, հրամայում էր գնդակներ տեղացնելով, կոտորել գյավուրներին։ Այդ միջոցին ժողովուրդը կատաղած գոռում էր. «Այրե՜լ սարայը», և սկսեցին, որքան որ հին դարման, խոտ կար գյուղում, հավաքել, բերել դիզել ապարանքի շուրջը։ Ամենից առաջ Մամո բեգի խոտերին կրակ տվին, հետո մյուսներին, այնպես որ քիչ ժամանակից ամբողջ ապարանքը շրջապատեց ծուխն ու բոցը, և կրակը կպավ շինության ներքին մասին։
Ապարանքը լողում էր բոցերի մեջ։ Կանանոցի մեջ ընկել էր վայնասունը։ Ձիերը խրխնջում էին իրենց ախոռում, գետինը դոփելով։ Արտաշեսը անընդհատ, մի քանի ընկերներով, աշխատում էր կոտորել դռները, բայց չէր հաջողում։ Հանկարծ քսանի չափ երիտասարդ քրդեր ներսից դռները բացին և այնալուն ձեռքերում կրակելով դուրս եկան։ Հենց առաջին հարվածով մի գնդակ հասցրեց Փրթոն Արտաշեսին, որն արդեն առաջուց սրի վերքերից արյունաքամ եղած և սաստիկ հոգնած լինելով, իսկույն ընկավ, գլորվեց թափկլտելով։ Անմիջապես մի գնդակով Ավագն էլ գլորեց Փրթոյին, որը նույնպես տեղն ու տեղը թավալվեց։ Դրանից ավելի կատաղեցին տղերքը և վրա հասնելով կտոր-կտոր արին քրդերին, ձեռքերից խլեցին զենքերը և մտան Մամո բեգի ապարանքը։
Կրակն արդեն ամեն կողմ տարածվել էր, կանանոցում թշվառ հարճերից շատերը խեղդվել էին։ Փրթոն դուրս գալուց առաջ տեսնելով, որ սխալված է եղել, Աննմանի փոխարեն Անահիտին է փախցրել, կատաղությունից սպանել էր թե՜ թշվառ կույսին և թե՜ հորը՝ Մամոյին, ու պատահած հարճերին։