Այս էջը հաստատված է

տները՝ հրդեհի առաջն առնելու համար, ջրհանները շալակած կռվում էին ահեղաշունչ բոցերի հեղեղի հետ, այնպես էլ անվախ միշտ հարձակվում էին էֆենդիների, դատավորների, աղաների, ամիրաների վրա, հայհոյելով, նախատելով, ծաղրելով, պակասություններն երեսներովն էին տալիս և սպառնալիքներով ստիպում իրենց հրամանները կատարելու և հրատարակելու։

Աղաներից հալածվածը միշտ դիմում էր մի հայտնի թուլումբաջու, պարզում էր նեղությունը։ Թուլումբաջին, գործին ծանոթանալուց հետո, մի օր փողոցի մի անկյունում բռնում էր աղային և ստիպում բավարարություն տալ նեղվածին։ Ամիրան, մահվան երկյուղից անրճկած, կատարում էր թուլումբաջու հրամանը, մտքի մեջ հազար ու մի հայհոյանք թափելով թուլումբաջու գլխին։

Մի անգամ մի կաշառակեր դատավոր խոսք էր տվել մի վաշխառուի յուր վճիռքով խլել մի թշվառ պարտիզպանի պարտիզակը, որով կերակրում էր ինը հոգուց բաղկացած ընտանիքը։ Պարտիզպանը հուսահատ ընկնում է մի ծանոթ թուլումբաջիի ոտքերը և վշտաբեկ սրտով նկարագրում իրեն սպառնացող սոսկալի վիճակը։ Թուլումբաջին հետևում է դատավորին և կեսգիշերին կտրում նրա ճանապարհը։ Դատավորը, հոգեառի ջլուտ, հաստապինդ բազուկների համն առած, կրկին անգամ նրան չպատահելու համար, դեռ մի գումար էլ վճռում է վաշխառուից առնել հօգուտ պարտիզպանի։ Ամիրայի մեկը, որ յուր բազմաթիվ ծառաների և ստրուկների վրա վստահացած՝ արհամարհում է թուլումբաջիին, սպառնում է դեռ նրան դատաստանի կանչել։ Թուլումբաջին առանց այլևայլի տալիս է կրակը՝ այրում է ամիրայի պալատը, և օգնության հասած թուլումբաջիների խումբը ավելի հանդիսատեսի դեր է կատարում, ավարի է տալիս ամիրայի կայքը, քան թե օգնության հասնում։ Այս պատճառները ամենաբռնավորներին անգամ ստիպել էին խոնարհվելու թուլումբաջիության զորության առաջ։

Կ. Պոլսում վաղ ժամանակներից մինչև վերջերս կային միայն թաղական և ընկերական՝ ենիչերությունից մնացած՝