Վերջապես դռան ետևը երևում էր հայկական տների կահկարսիների պարծանքը՝ բոլորակ խոնչան, որի երկու ոտքը կոտրած էր, և հյուրերի առաջ դրվելու համար Սոնան անկյունում երկու միաչափ քարեր ուներ, որոնք լրացնում էին կարասիների պակասորդը։
Այս տունը համարյա միշտ ցերեկը դատարկ էր լինում, և, գիշերն էլ շատ ուշ ժամանակ Սոնան գալիս էր հանգստանալու, կազդուրվելու և առավոտները արշալույսին հեռանում ծառայելու ուրիշի դռները։ Ծառայելու միայն մի փոր հացի և ուրիշի հին ու նորով, պատռած֊ճեղքածով հագնվելու փորձով։ Նրա էնթարիից մի թել քաշեիր՝ հազար կարկատան կթափվեր, նրա գլխի չիթը ախտի մեջ կորած էր, միշտ բոբիկ և արմունկներն ու սրունքները մերկ, կուրծքը կիսով չափ բաց և դառնալի արտասուքով աչքերը միշտ լցված։
Գարնան ամպամած մութ գիշեր էր։ Երկինքը անընդհատ փայլատակում և գոռգոռում էր։ Տանը, քուրջերի մեջ փաթաթված պառկած էր Սոնան: Պառավր տնքում էր՝ սրտի խորքերից հառաչանքներ բարձրացնելով։ Մենք պառավ ենք անվանում Սոնային՝ համաձայն նկատողի աչքում նրա թողած տպավորության, այնինչ թշվառը քառասունհինգ տարին դեռ չէր լրացրել։ Սոնայի օջախի մուխը տարիներով դադարել էր, իսկ ճրագը ամուսնու կախվելուց հետո հանգել և չէր վառվել։ Լսի էլ կարիք չէր զգում, դատարկ տանը փնտրելու ի՞նչ ուներ։ Թեև սովորական անկողնու վրա տարածել էր յուր կարկատած շորերը, բայց դարձյալ դողում էր։ Կուչ էր եկել պառավը, գլուխն էլ ծածկել և շնչառությունը վերմակի տակ էր կատարում քիչ տաքանալու հույսով, բայց իզուր, ցուրտ ու խոնավ օդը ազատ մտնում էր նրա ծածկոցների անթիվ պատռվածքներից: Մի կատու անգամ չուներ Սոնան, որ անկողնի վրա պառկեր և թիկունքը մի քիչ տաքացներ: Մկների սնունդ չգտած տան մեջ կատուն ե՞րբ կապրի։
Թեև խռխռոցի հետ մի տեսակ հեկեկալու ձայն էր լսվում, բայց պառավը չէր լալիս, նա այնքան դառնություններ էր կրել, որ լալու և արտասվելու ընդունակությունը կորցրել էր: