Այս էջը հաստատված է

Ո՛չ դուռ ուներ, ո՛չ դրկից, որոնց կանչեր, և որոնք լսեին, գային իրեն օգնելու։ Կարիք էլ չկար, նրա համար սովորական էր, ամեն իրիկուն միևնույն տեսարանն էր կատարվում, միայն թե օդի ցրտության և խոնավության պատճառով երբեմն ավելի սաստկանում էր պառավի տնքոցն ու խռխռոցը։ Այդ գիշերը սաստկագույն տեսակիցն էր. պառավն անկողին մտնելուց երկու-երեք ժամ թեև անցել էր, բայց խաղաղացնող քունը դեռ վրան չէր եկել։ Ցավի սաստկությունը նրան ակամա խոսեցնում էր, պառավը դելին էր տալիս, տրտնջում էր, անիծում էր վիճակը, անիծում էր յուր ծնունդը, անիծում էր յուր բախտը, յուր թշնամիներին, յուր մարդու դահիճներին, հարստահարիչներին, մինչև անգամ երկնային դատաստանը։ Մի՞թե դեռ քիչ է, մի՞թե դեռ քաշելու եմ, աստված դավթարս գտիր ու ինձի տա՛ր, տա՛ր, տա՛ր…


Գ

Կեսգիշերին մոտ դուռը բացվեցավ, Եղիկը ներս մտավ, պառավը ոչինչ չլսեց, նա մահակը և խլիկը վայր դնելուց հետո ասաց.

— Ազի՛, ազի՛:

— Ջա՛ն, Եղիկ, ա՜յ տղա, ո՞ւր թողիր նախիրն ու եկար…

— Նախիրն էլ սատկի, նախրի տիրվտանքն էլ: Բողարն ու Բասարն (գամփռ շներ) այնտեղ են, իմ անունս էլ վրաներն է, մի՛ վախենալ, մարդ չի անցնիլ Եղիկի նախրի մոտովը։

— Ա՜յ տղա, ինչի՞ ես եկել, ի՞նչ ունիս մեջ գիշերին։

— Ուզում եմ թողնել ու գնալ օսմանցու հողը, ինձ ի՞նչ օգուտ նախրից. ահա տասնևհինգ տարի է սրա-նրա դուռը նոքրություն արի, սրա-նրա մալի համար կռիվ տվի, կյանքս չխնայեցի, տարի չեղավ, որ հախիս կեսն էլ ձեռքս անցներ. վա՜յ էն անցածին էլ. ո՛րը ցորնով, ո՛րը շորով կտոր, փսոր… Հային ծառայեցի՝ չեղավ, թուրքին ծառայեցի՝ չեղավ, քաղաքում ծառայեցի՝ չեղավ, վերջապես, ինչպես տեսնում եմ, ծառայելով մարդ դառնալու չեմ։