Այս էջը հաստատված է

Եղիկը կամաց-կամաց առաջ գնաց, կարծես կատվի նման ճանկերը մոտ էր քաղել, գնում էր առանց քայլերի ձայնը բարձրացնելու։ Մի քանի օձապտույտ թաղեր անցնելուց հետո հասավ Գալո քեհյի դռան առաջ, քարե սանդուխներից բարձրացավ և երդիքի տախտակը վերցնելով կամաց քիլարն իջավ։ Այնքան վարժ էր կատարում բոլոր շարժումները, որ կարելի էր կարծել, թե տան տերն ինքը լիներ և ոչ ոքից երկյուղ չունենար։ Երկու քայլ առաջ նրա քայլերը դիպան խեղճ Ասլիին, որը սպասել, սպասել ու քնել էր։ Ո՜վ է իմանում, թշվառ աղջիկը ի՞նչ էր երազում։ Եղիկը մի քանի անգամ քաշեց նրա թևերից, բարձրացրեց, բայց նա անզգա կրկին գլորվեց գետին։

— Ասլի՛, Ասլի՛,— խեղդված ձայնով կանչում էր բորբոքված երիտասարդը, բայց անմեղ կույսը չէր սթափվում։ Ժամանակը սահում էր։ Եղիկը դեռ շատ գործ ուներ կատարելու. նա պարտավորված էր բուռն միջոցներ գործ դնելու։ Կռացավ չոբանը, երկու ձեռքերով գրկեց սիրեկանին, երկու կողերից ու այնպես բարձրացրեց, որ կարծես նորածին գառ գրկած լիներ հոտի հետ տուն հասցնելու համար։ Սարսափելի էր Եղիկի կացությունը, դողում էր ամբողջ մարմնով, կարծես ծնկները անճարացել, անկարող էին դիմանալու և թևերում ուժ չէր մնացել կանգնած բռնելու յուր սրտի հատորին։ Սրտատրոփ նա թոթովում էր. Ասլի՛, Ասլի՛, և ցնցում հոգյակին։ Հանկարծ աչքերը բացեց Գալո քեհյի աղջիկը, զարթնեց և թևերը Եղիկի վզով տարածելուց և գանգուր մազերը շոյելուց հետո.— Եղի՛կ, դո՞ւ ես,— հարցրեց և դեռ պատասխանը չլսած՝ կրկին ուժը սպառվեց, գլուխը կախեց նրա կրծքին, ուշքը անցավ, մարեցավ… Եղիկը ձախ թևով գրկած Ասլիին, մոտեցավ բղուղներին և աջ ձեռքով զոխի ու ժախի աղի, բայց դառը ջրով այնքան տրորեց թշվառ աղջկա կուրծքն ու ճակատը, մինչև նրան բոլորովին սթափեցրեց։

Բավական երկար վշտակցելուց, երկար տատանվելուց և զանազան առաջաբաններ անելուց հետո ասաց Եղիկը.

— Ասլի, ես այս գիշեր անցնելու եմ օսմանցու սահմանը։