— Ինչի՞:
— Պատճառները շատ են,— ասաց հառաչելով Եղիկը։— Չոբանություն անելով այս դարին մարդ դառնալ անկարելի է, ուրիշ գործի պետք է ձեռք զարկել։
— Էդ քո գործն է, ամա…
— «Ամա» չի ուզիլ, ութ օր, ութ օր ինչ կուզես արա և մի՛ թողնիր, որ մարդ քու փեշին դիպչի, ես ութ օրից այստեղ կլինեմ և քեզ՝ թե հայրդ չտա, կփախցնեմ…
— Ութ օր… թե ուշացա՞ր
— Թե սաղ եմ, էսօր ի՞նչ է, լուս կիրակի, մեկել կիրակի գիշեր էլի այստեղ ինձ սպասե:
— Աստված քեզ հետ։
Երկու սիրահարները գրկվեցին, և Եղիկը մի կերպ Ասլիի գրկից պոկ եկավ, ճանկռտելով պատից վեր ելավ և եկած ճանապարհով ետ դարձավ դեպի մղդսի Կյուրեղի տունը, որ իրենց քոխից շատ հեռու չէր:
— Ո՛չ, քեզ առանց ոսկու, առանց խաս ու ատլաս կտորների չեմ թողնիլ: Դու, որ ինձի՝ որբ և անտերիս, սիրտ տալով գյուղի ամեն տղերքից բարձրացրիր, ես էլ քեզ զուգսով ու զարդարանքով Շյորագյալի քուլլի աղջիկներից բարձրացնելու եմ,— ասում էր Եղիկը մտքումը մղդսի Կյուրեղի տանը մոտենալիս։ Գալո քեհյի տունը մտնելիս էլի զգուշանում էր, վախենում էր բամբասանքից և պատրաստ էր զոհվելու Ասլիի պատիվը չարատավորելու համար, իսկ մղդսի Կյուրեղի տունը մտնելու համար նախազգուշությունների չդիմեց, նա այդ տանն էր մեծացել, ամեն մի մանրամասնություն գիտեր և եթե դեմը մեկը դուրս գար, կարող էր մի առիթ գտնել և առանց կասկածանքի պատճառ տալու հեռանալ։
Եղիկը ձախ ձեռքը գցեց դռան ճակատի լուսամուտին, ողջ մարմնով կախվեցավ, աջ թևը լուսամուտից ներս կոխեց և փայտե հաստ մանտալը ետ հրեց ու վար իջավ: Խլիկը և