երբ ապահովեցավ Եղիկը, զգուշությամբ բացեց Մուքեի սնդուկը, նրա նոր շորերը հագավ, զանգյալները կապեց, չստերը ոտքը քաշեց և յուր հները նրա մեջ տեղավորելուց հետո՝ դուռը ծածկեց։ Պատից վար առավ շեշխանա թվանքը, ղարաբինեն, լագզու փշտովը, խանջալը և ֆիշանգլղները ու ետ սողաց ախոռը։ Ֆարաշի բխովը բանալուց հետո զգուշությամբ մադյանի ոտքերին կապեց, որպեսզի եթե Մուքեն զարթնի և քաշե շղթան, բխովի ձայնը լսե։ Հետո թամքեց քյահլանը և խանջալովը չլի քեչաներից մի քանի կտոր կտրեց կապեց նրա ոտքերին, որպեսզի աղմուկ չբարձրացնե: Նժույգը սանձելուց հետո նախ գնաց և գոմի միջի ճանապարհը կրկին քննեց, ետ եկավ «Հայր, Որդի և Հոգի Սուրբ» ասաց ու քաշեց։ Անձրևը դարձյալ բարակ մաղում էր. երկինքը մութ, գետինը թաց, տեղ-տեղ լճացած։ Եղիկը ձին քշեց նախիրի կողմը, Բողարն ու Բասարը սարսափելի հաչոցով վրա տվին և երբ իրենց հովվի ձայնն առան՝ ձայները իջեցրին, բայց դարձյալ չրմխտում էին, կարծես ուզում էին ասե՝լ «մեզ ինչի՞ թողնում-հեռանում ես»։ Եղիկը մտավ անձրևի տակ թրջված մալի մեջ և մղդսի Կյուրեղի, Ավագ ամու, Կուրղին աղբոր ապրանքից տասը գլուխ լավ կով ջոկեց և առաջը խառնելով՝ դիմեց դեպի Արփաչայ, սահմանը անցավ թուրքի Ղարաքիլիսի մոտով, դիմեց դեպի Մոլլա-Մուսա։ Սահմանապահ կազակներն ու օսմանլուի սուվարիները անձրևից ու ցրտից կուչ եկած քնել մնացել էին, ո՛չ մի կողմից չնկատեցին նրան։ Մոլլա-Մուսայի ձորով անցավ սարը, կարճ ճանապարհով դիմեց դեպի Աղբաբա։ Արշալույսին նա արդեն անցել Էր Շիրակի սահմանը:
Արևը բարձրանալուն պես Աղբաբա լեռան փեշերի վրա երևցան անհամար հովվական չադրներ ու քրդերը և նրանց մոտերքը՝ անթիվ խաշների հոտեր, որոնք կամաց-կամաց բարձրանում էին արոտները։ Հազարավոր տեղերից ծուխ էր