Այս էջը հաստատված է

երկու թարաքյամա լակոտները, նկատելով զինվորված ձիավորին փափախը գլխին, թողին և ետ փախան։ Չարչին մոտենալով, ընկավ Եղիկի ոտքերն ու ասաց․

— Աղա, դու գիտես, քո ոտքն եմ ընկել, ազատե՛ ինձ, քեզ մատաղ ունեցած-չունեցածս։

— Ա՜յ տղա՛,— ասաց Եղիկը զայրացած,— դու որտեղի՞ց ես։

— Աղա, ես Ղարսա եմ…

— Ձայնդ կտրե, ստախո՛ս, լեզուդ ցույց է տալիս, որ դու ղարսեցի չես։

— Աղա՛, մենք Բիթլիզու ենք (Բաղեշ), եկել ենք Ղարս կու մնանք։

— Հա՛, լա՛վ, այդ եղավ։ Հաց ունի՞ս ուտելու։

— Խրամանքա, աղա՛,— ասաց ու գոտին բացեց չարչին։

Եղիկը վար իջավ և չարչու հետ նստավ հացի։ Տխուր մտքերը ճաշելիս էլ չհեռացան Եղիկից, և նա կցկտուր հարցեր էր տալիս չարչուն, որ նույնպես մտածությունների մեջ ընկավ տարօրինակ մարդու հանդիպումից։

— Ինչի՞ էիր փախչում, չէի՞ր կարող այդ լակոտների հախից գալ։

— Ի՞նչ արած, աղա, թուրք են, հյուքմաթը (պետությունը) իրենցն է։

— Ահագին մարդ ես, ի՞նչ պիտի անեն նրանք քեզ։

— Բոխչես կթալնեին։

— Դեմ դնեիր կամ թե թող տանեին։ Ի՜նչ մեծ կորուստ կունենայիր։

— Աղա՛, եղածս-չեղածս էս է, էս էլ որ տանեին՝ մանր ու խոշորս քաղցած կմնային։

— Քանի՞ տղա ունիս։

— Խինգ, քեզ ծառա․․․

— Արի քեզ հետ ընկերություն անենք, բայց մի պայմանով, որ վախկոտությունդ թողնես։

— Դու որ ինձ խետ ըլնիս, աղա՛, էլ չեմ վախենա։

— Էդ շորերդ հանի՛, իմ շորերս հագի՛ր, ձիս էլ նստի՛ր, ես քու շորերդ հագնեմ դառնամ քեզ նոքար։