Այս էջը հաստատված է

— Ինչի՞;


— Տանենք մալերը ծախենք, քեզ էլ բաժին կտամ։


— Լա՛վ, լա՛վ, խրամանը քոնն է։


Եղիկը չարչու պատռած շորերը հագավ, թվանքը, ղարաբինեքն ու ֆիշանգլըղը ինքը վեր առավ, մնացյալով չարչուն զարդարեց. ձին հեծցրուց, ինքն էլ մահակը ձեռքին՝ հո՛ , հո՛ անելով դիմեցին դեպի թուրքի գյուղերը։

Է


Գողը, ավազակը կարծում է, որ աշխարհի բոլոր մարդիկ գողեր են։ Չլդրի թարաքյամաները, որոնց միակ պարծանքն է ճարպիկ գողությունը, ամեն անցքի, արկածի մեջ գողության հետքեր են որոնում և գողածունն անհետացնելը իրենց սրբազան պարտականությունն են համարում, հայտնի բան է, հուսալով, որ իրենք էլ իրենց բաժինը, աշխատության վարձը կունենան։ Երեկոյան դեմ Կամարվան գյուղի հայտնի մի թուրք հանդից տուն էր դիմում ծանր քայլերով։ Նա ափսոսում էր առանց մի ճարպիկ գողության կորցրած օրը։ Թեև Հիսուն տարիքն անցկացրած մարդ էր, բայց ուժն ու ճարպկությունը դեռ չէր կորցրել։ Նա պատրաստ էր ձիավորվելու գիշերները հարձակումներ անելու համար, բայց արդեն այնքան կարողության տեր էր, գավառում այնպես գիրք էր բռնում, որ հայտնի աղաների շարքն էր անցել և ամեն մարդ նրան ճանաչում էր, ծպտիլ չէր կարող։ Հեմեդ աղա էին անվանում և որովհետև կույր էր, Քոռ-Հեմեդ էին կանչում նրա ետևից։ Այս տիտղոսից ազատվելու և ավելի մեծ հավատարմության արժանանալու դիտմամբ, նա մոտ հարյուր հիսուն ոսկի էր ծախսել, Մեքքե էր գնացել և հաջի էր դարձել, բայց շատերը դարձյալ երեսին Հաջի աղա և ետևից Քոռ-Հեմեդ էին կանչում։ Ինչպես որ սարդը, այնպես էլ Քոռ-Հեմեդը ման գալիս միշտ ձախ աչքը պտտեցնում էր հորիզոնի շուրջը մի որս ձեռք ձգելու հույսով։ Նա շատ վաղ տեսել էր չարչի ձիավորին յուր արաբական ընտիր նժույգով և Եղիկին՝ եզները արածացնելիս, որոնք իրեն կասկածանքների մեջ էին գցել։