Այս էջը հաստատված է

գնալով ու քարափում զենքերը պահելը նկատելով, դարան էին մտել, համոզված լինելով, որ կրկին գիշերը այնտեղ վերադառնալու էր։

Թ

Մեդեդ բեգը Շիրակի վերջին վասալական իշխանն էր, որի հորից սուլթանը գավառական հողերը մի կերպ խլել էր, բայց դրա փոխարեն ժառանգական թոշակ տալուց հետո դարձյալ յուր վիճակին ղայմաղամ էր նշանակել, այնքան, որ յուր գլխատված հոր և պապերի նման էլ Մազխաս բերդում չէր ապրում և սեփական ձիավոր, հետի և թնդանոթաձիգ զորք չուներ, բայց Հաջի-Վելիում յուր առանձին սարայն ուներ և առաջվանից ավելի մեծ իշխանություն ժողովրդի վրա։ Թեև Ղարս այալաթի փաշան էր նստում, բայց Շյորագյալի գավառից զատ այալաթի գլխավոր գործերը տնօրինում էր նույնպես Մեդեդ բեգը։ Այալաթի ժողովի ամենապատվավոր անդամն էր, և ժողովականները առանց նրա կնիքը տեսնելու ո՛չ մի թղթի վրա չէին հանդգնիլ դնել իրենց մատանին։ Մեդեդ բեգբ գավառապետի անունով դարձյալ մի իշխան էր. նրա կամքից էր կախված կախել տալ մեկին, ազատել մի ուրիշին, մեկին զրկել յուր բոլոր կարողությունից, մյուսին բարձրացնել հայտնի պաշտոնների։ Նրա Հաջի-Վելիում ունեցած բանտում միշտ լինում էին ութ-տասը թյարաքամա գողեր և պարտատեր հայեր։ Դրանց թվում ընկավ նույնպես Եղիկը։

Բանտը առաջ գոմ էր եղել և ձմեռը դարձյալ այդ նպատակին էր ծառայում, միայն մսուրքների վրա ամրացրած էր պինդ «լալա» կոչված շղթաներ, որոնցով շատ անգամ ավազակներին անասունների հետ միասին էին կապկպում, այն տարբերությամբ, որ անասուններին միայն վզերից էին կապում, իսկ հանցավորների, վզերից շոկ, ոտքերն ու ձեռքերն էլ էին շղթայում։ Եղիկի ոտքերը շղթայած էին, իսկ գիշերները ձեռքերն ու վիզն էլ էին շղթայում։ Բանտում մի քանի ընկեր ուներ Եղիկը, որոնց մեջ հայ չկար։ Առավոտից մինչև իրիկուն տխուր-տրտում, բորբոքված