Այս էջը հաստատված է

կատարած անթիվ զոհողություններով։ Նա յուր կաղ ոտքով շատ անգամ ուսը տվել էր ջրհանի տակ և յուր երեք վիթխարի ընկերների հետ ժամերով վազել մինչև աղետների տեղերը։ Նա հաճախ կրակի բոցերի մեջ խանձել էր մազերն ու մորուքը, ծխի մեջ կուրացնելով աչքերը և շնչասպառ խեղդվելով դուրս էր բերել հրդեհված տան խորքերից երեխաներով օրոցքներ, վերմակներով փաթաթված հիվանդներ, թանկագին նկարներ, գրքեր և անփոխարինելի նյութեր։ Հրդեհների ընթացքում նրա կարգադրություններն այնքան օգուտ էին բերել ազգաբնակությանը, որ սրանց համարումը Կաղ-Մքոյի մասին օրեցօր մեծացել էր, և երիտասարդությունը, նամանավանդ արհեստավոր և չքավոր դասակարգը, նրան համարյա թե պաշտում էր։

Կաղ-Մքոն ավելի խոնարհեցնում էր թե՛ հարուստներին, թե՛ ծառայողներին և թե՛ ընկերակիցներին յուր չափազանց անշահասիրությունով և մանավանդ արդար վճիռներով։ Թուլումբաջիները հարուստ կալվածատերերից երբեմն-երբեմն ստանում էին նվերներ, և աղետից ազատվող մեծատունները խոշոր գումարներով վարձատրում էին նրանց։ Կաղ-Մքոն ոչ միայն մաս չէր առնում այդպիսի եկամուտներից, այլև կարիք չունեցողներին էլ, յուր օրինակով, ստիպում էր հրաժարվել և գումարները հավասարապես կամ արժանավորապես բաժանում էր կարոտյալների մեջ, այնպես, որ բոլոր ընկերները համոզմունքով գոհ էին մնում նրա կարգադրությունից:

Կաղ-Մքոյի ժրաջանությունով շատ մեծացավ Սելամսըզի թուլումբաջիների խումբը, և նախկին մի մաշված, անպետք ջրհանի փոխարեն չորս նոր լավ ջրհաններ ձեռք բերին՝ հրդեհի վերաբերյալ բոլոր պարագաներով։ Դեռ այդ բավական չէր, Կաղ-Մքոն ասում էր, որ աշխատինք մի հարմարավոր տեղ գտնենք թաղի կենտրոնում հրշեջ գործիքների համար։ Նա մտածում էր այդ տան կողքին մի աշտարակ էլ շինել, որտեղից փոխընդփոխ հսկել և փոխանակ մունետիկի ձայնին սպասելու, իսկույն այդտեղից նշան տալ թուլումբաջիներին հրդեհվածներին օգնության հասնելու։

Կարճ-Նազարը, որ նույնպես Կաղ–Մքոյի նման անձնվեր