և երդիկից դուրս եկավ։ Կտուրների վրայից մի քանի պտույտներ անելուց հետո ճանապարհ ընկավ դեպի ձորը։ Այդտեղ քարի տակ դրեց շղթաները, կոտրեց և կտորները ցրվեց, որպեսզի հետևյալ օրը ջրի եկող կանայք գտնեն, Մեդեդ բեգին համոզեն, որ Եղիկը շղթայակապ է բանտից փախել, որպեսզի ծերունի բանտապետին չնեղացնե։
Այդտեղից ճանապարհ ընկավ դեպի Ծբնի լեռների և կիրճերի ճանապարհով և չորս ժամվա ճանապարհը գնաց տասնևչորս ժամում։ Գիշերը ուշ ժամանակ մտավ գյուղը։ Չարչի Միրզան և կինը շատ ուրախացան նրան տեսնելով, բայց հարսին՝ Ասլիին, չբերելու իսկական պատճառը և Եղիկի գլուխ անցած արկածները չկարողացան իմանալ։ Եղիկը նրանց հարցերին վերջ տալու համար ինքն սկսեց հարցեր տալ.
− Հա՛ն, դո՞ւք ինչ արիք, ապրանքը լավ ծախվո՞ւմ է։
− Լավ, լավ, բայց…
− էլ բայցը ո՞րն է, ասա, ի՞նչ կա։
− Մատո քեհյեն մեզ նեղացուց…
− Ինչպե՞ս թե…
− Ասաց.− ի՞նչ անենք, թե Դանելը ձեզ քրեհով է տվել յուր տունը, քրեհել եք, նստե՛ք, բայց առուտուր անելու չեմ թույլ տալ… այստեղ առուտուր անելու համար ինձնից պիտի իրավունք ստանայիր։− Նրա դարդն այն է, որ ուզում էր իրեն մարագը տուն ու խանութ շինելով մեզ տալ։ Տեսա, որ ուզում է կապել խանութս և ինձ էլ Մեդեդ բեգի քով ուղարկել, երկար մտածեցի, վերջապես կնիկս մի լավ փիրուզ խզմա (քթի գիեդ) ուներ, որ չէր բանացնում, տվի ձեռքը և ուղարկեցի նրա կնոջ մոտ խնդիրքի։ Այդ փիրուզ խզման արժեր հիսուն ղուռուշ, վեր առավ, լեզուն քաշեց և իրիկունը մի քանի մարդով եկավ ութ−տասը ղուռուշի էլ առուտուր արավ, փողը չտվեց։ Չուզեցինք գլուխն ուտե, թույլ տա ազատ առուտուրը շարունակեմ։
− Լա՛վ, լա՛վ,− ասաց մտածելով Եղիկը և սկսեց ծոծրակն ու գլուխը քորել, քիչ լսելուց հետո ասաց,– ուրիշ արուտուրներդ…
− Փառք աստծո, լավ է, բայց…