Այս էջը հաստատված է

− Էլի՞ բայց․․․

− Ապրանքս քիչ է, թե մի հազար ղուռուշի ապրանք ունենամ, ես էլ դարդ չեմ ունենալ․․․

− Կունենա՛ս, կունենա՛ս, դարդ մի՛ անիլ, ութ−տասն օր էլ սպասիր,− ասաց Եղիկը հուսադրելով։− Բայց ավելորդ չէ ապրանք ավելցնելդ, էգուց էլ Մատո քեհյեն կգա առանց վճարելու կտանի։

− Քու կյանքդ ողջ մնա, դու որ իմ գլխի վրա ես, էլ իմ ի՞նչս կպակսի։

− Ես գիշեր−ցերեկ քեզ վրա ղարտուլ խո չե՞մ կարող կանգնել․ ախր դու էլ տղամարդ ես, գլխիդ գդակ կա դրած, ինչի՞ ես թողնում, որ քոսոտ քեհյեն գլխիդ նստի, այսօր տասը ղուռուշի տանողը էգուց հարյուրի էլ կտանի։

− Այդ ոչինչ, մեկ գյոււղում հաստատվիմ, նրա տարածով չեմ քանդվի։ Աստված ողորմած է, էգուց մեկել օր նրան այնպիսի գնով ապրանք տամ, որ տարածից երեք անգամ ավելի վզին բեռ դառնամ։ Դավթարին իմ ձեռքս չէ՞։

− Դու գրե դավթարը․ աղքատը վիզը ծռած, ավճարացած ունեցած չունեցածը քեզ բերե պարտքից ազատվելու համար, բայց համբաների ու քեհյաների հետևից ման արի, խնդրի՛ր, աղաչի՛ր, որ քեզ փող տան։

− Մի վախենալ, ես նրանց չեմ թույլ տալ, որ փողս կուլ տան։ Մեկ էլ որ, աշխարհի կարգն է, ով որ զորեղ է, տկարին պիտի կուլ տա։ Դրանից պիտի քիչ շահենք, պարտվենք, որ մեր առաջը քար չդնեն։ Երեսանց որ ես ասում եմ՝ քեհյա ջան, ես քոնն եմ, ինչ որ ունիմ քոնն է, թե մի պատառ հաց էլ ուտում են իմ մանրը ու խոշոր, էդ էլ քու շնորհիվն է, մի՞թե մտքովս էդ եմ ասում։ Ի՜նչ անեմ, որպեսզի կաշիս ազատեմ, ես նրան կուլ չգնամ, քիչ շողոքորթում եմ, նա էլ ուռչում է տկի պես, թող ուռի, մի օր այնպես կողքը կծակեմ, որ իջնի գետնի հետ հավասարվի։ Միրզան իր բանը գիտե։