Այս էջը հաստատված է
ԺԱ

Եղիկը նույն գիշերը հանգիստ չկարողացավ քնել։ Մտածում էր առավոտ վաղ գնալ սահմանը անցնել և Ասլիին փախցնել մի կերպ Ծբնի, բայց գյուղի քեհյեն, չկամ դրացիները, Շյորագյալի ղայմաղամ Մեդեդ բեգը, անապահով դրությունը, յուր հետքը փնտրողները նրան տատանման մեջ էին գցել. չէր իմանում ինչ ընթացք բռնի։ Թեև սրընթաց ֆարաշը փախել էր, բայց Եղիկի համար այդպիսի նժույգներ ձեռք բերելը դժվար չէր. Շիրակի ամեն մի մեծատան ախոռում այդպիսի քյոհլաններ կարելի էր գտնել, բայց նա հավատարիմ բարեկամ և չնախանձող ընկեր չուներ, որին հնարավոր լիներ կյանքը հավատալ։ Միրզայի շարժումները արտահայտում էր նրա հոգու ստորությունները և ամեն կեղտոտություն անելու ընդունակությունը, բայց չէր գտնում երկնքի տակ մի ուրիշ անձնավորություն, որ նրանից նվազ վնասակար լիներ իրեն համար։ Առանց մեկին փորձելու հիմարություն էր համարում անձնատուր լինելը։

Բայց ճանապարհորդությունը անհետաձգելի էր. մղդսի Կյուրեղը և Մուքեն կարող էին դեպքից օգտվել և Ասլիին տանջելուց ջոկ, իրենց ճիրանները գցել։

Թեև մտածում էր նախ մի կերպ Մատո քեհյից վրեժ առնել և նրան ստիպել, որ չհանդգնի Միրզայի շվաքովն անգամ անցնելու, բայց ժամանակը չէր։ Վերջապես երկար մտածելուց հետո որոշեց դուրս գալ Մեդեդ բեգի վիճակից։ Գիշերը վեր կացավ Միրզային ձայն տվեց.

— Աղբե՛ր, էգուց ելիր, գնա Քերս։ Ապրանքից մի մաս տա՛ր, տուն բռնե, կարգի դի՛ր, Մելոյին այնտեղ թող, հետո տունն էլ վերցրու տար։ Աշխատիր գեղի ամենից ուժեղ քեհյի տունը վարձել և տանտիրոջը շահել։ Եթե Ղազար քեհյի ջրաղացի քովը տուն բռնես ամենքից լավ է։ Ես երեք օրից հետո կգամ Քերս, կարելի է նշանածս էլ բերեմ։

— Լավ, բայց այստեղ տվածս քրեհը, քեհյի կուլ տվածնե՞րը։

— Ես նրա քթից կհանեմ, այդ քու բանը չէ։