− Լա՛վ, ինչպես որ կհրամայես։
Միրզան դիմադրելու ուժ չուներ. նա Եղիկի կամքին երբեք չէր հակառակվել։ Գիշերվանից սկսեց յուր պատրաստաթյունը։
− Դրանք թո՛ղ, վերջն էլ կարող ես կարգի դնել․ ձիդ թամբե՛, լավ թամբ զարկ,− ասաց Եղիկը հրամայական եղանակով,− ես կերթամ, Զոչու ճանապարհին կնստեմ, շուտ արի, հասի, թվանքը հետդ վեր առ. այնպես բռնե, որ մարդ չտեսնի։
Եղիկը կնոջ համար առած ոսկին և շորերը մի փոքր կապոց շինած, թևի տակը դրած գյուղից դուրս ելավ, ճանապարհ ընկավ։ Մի քանի րոպեից հետո Միրզան նրա ետևից հասավ։ Երկուսով ձին քշեցին դեպի Գյունե լեռան փեշերը, որտեղ արածում էր Մատո քեհյի մադյանների իլխին։ Եղիկը ձիուց իջավ և իլխիին մոտենալուց հետո սողալով մտավ նրանց մեջ։ Երկար սողալուց հետո լարը մի լավ ձիու վզովը գցեց, բռնեց ու շալակը թռչելով քշեց դեպի Միրզան։
− Շո՛ւտ ձիու թամբը քանդե և սանձը ինձ տուր,− ասաց Եղիկը։− Միրզան կատարեց, և անսանձ ու առանց թամբի յուր ձին նստած, վերադարձավ Ծբնի։ Եղիկը մտրակեց Մատո քեհյի իլխիից ջոկած ձին և արշալույսը չբացված մոտեցավ Անիի ավերակներին, որոնց կողքից ձին քշեց դեպի Տայլար և ձորն իջնելով Ախուրյանին մոտեցավ։ Այստեղ Մատո քեհյի իլխիից ընտրած ձին ցույց տվեց յուր շնորհքը․ նա կռվեց վարարած գետի հետ և քաջությամբ անցավ, թեև գետափից ջուր տանելու եկած կարմիրվանքցի կանայք հույսերը կտրած արդեն վայ տվին ղոչաղ ձիավորի տիրոջը։
Երբ անվնաս ափը դուրս եկավ օսմանցու սահմանից այդ քաջասիրտ տղեն, բարեսիրտ կանայք շուրջը հավաքվեցին․ ամենքն էլ սկսեցին նրան իրենց տուն հրավիրել։ Ամեն կին ուզում էր բախտ ունենալ ավելի շատ ժամանակ տեսնելու այդ առանց անձնագրի ղոչաղին, որին արիությունն ու բախտը օգնել էին բարի լուսին։ Ողջ օրը նրանց շրջանում անցկացրեց Եղիկը, ամեն տեսակ պատիվ արին նրան։ Կերուխումից հետո նա մի քանի ժամ էլ հանգստացավ և ետինքի ժամանակ