Այս էջը հաստատված է

չէր կարելի տեսնել, բայց Մուքեն նրա քայլերի ձայնից հասկացավ, որ ձին բեռնավորված չէր։ Գուցե, մտածեց, իրեն էին հետևում, գուցե Եղիկն էր, գուցե… Այնքան մտատանջության մեջ ընկավ, որ երկյուղից չէր համարձակվում հետևել։ Վերջապես սիրտ առավ, մտածելով, որ իրենց գյուղի սահմանումն էր գտնվում և նստած ձին իրեն ամեն դեպքում կարող էր օգնել, առաջ գնալ։ Ձին ուղղվեց գյուղ և գնաց կանգնեց մղդսի Կյուրեղենց դռան առաջ։ Այնտեղ հասավ Մուքեն էլ և ֆարաշը առանց թամբքի, կտրտած սանձով, արյուն-քրտինքի մեջ կորած գտնելով՝ ապշած մնաց։ Բայց իսկույն ուրախությամբ լցվեցավ և սիրտը հրճվանքով զեղված, դուռը սկսեց արագ-արագ բախել։ Գյուղի շները ամեն կողմից հաչոցը գցել էին և նրանց որոտման ձայնը զարթեցրել էր շատերին։ Պետո ամին ճրագը ձեռքը դուրս եկավ և Մուքեի ձայնը լսելուց հետո դուռը բացեց։ Դուռ-դրացի իսկույն թափվեցին և ամեն կողմից հարցնում էին Մուքեից, թե ինչպես կարողացավ ֆարաշը ետ բերել։ Մուքեն առիթից օգուտ քաղեց և հավատացրեց, որ Եղիկին պատահել էր մթանը, Քյուրակ-դարայում սպանել, ձին առել ու վերադարձել։

Թեև շատերը չէին հավատում ստախոս ու դնդրոշ Մուքեին, բայց ֆարաշի ներկայությունը մասամբ ստիպում էր հավատալու նրա խոսքերին։

— Ախպեր,— ասում էր մեկը,— թե ես Եղիկին գիտեմ, նա հոգին բերանը դրան ձի չէր տալ։

— Տո՛, ախպե՛ր,— ասում էր մի ուրիշը,— դա ի՞նչ թվանք գցող է, որ Եղիկին զարկեր, վար գցեր ու ձին ձեռքից խլեր:

— Ախպե՛ր, թե ես ճանաչում եմ Եղիկին, դա նրա գյուլի առաջից գլուխը պրծցնողը չէր, բայց մի բան կա…

— Տնաշեններ,— ասում էր մի ուրիշը,— գնանք քնենք, վախենաք էգուց էսօր բանը չպարզվի՞։ Ստի մենզիլը (տարածություն, երկայնություն) կարճ է, շուտ կհայտնվի։

Եղիկի արարքը շատերին ուրախացրել էր ներքուստ։ Վերջապես մղդսի Կյուրեղին վնասված տեսել էին, իսկ այս դեպքը շատ դուր չեկավ։

Մուքեի մայրը առաջ եկավ, յուր ղոչաղ որդու ճակատը