պաչեց։ Ներս տարին, ձիերին հանգստացրին, խոտ, գարի տվին, և մինչև լույս հանգստություն չտվին տանեցիք և բարեկամները Մուքեին։ Օրվա կեղծ հերոսն էր և ամենքը ուզում էին արկածի պատմության հետ իսկությամբ ծանոթանալ։
Լուրը հասավ Ասլիին։ Նրա մեծ եղբայրը լսել և տուն դարձել, պատմում էր հորը Մուքեի արկածը։ Ասլին, որ գյուղում պատահած աղաղակներից զարթնել էր, էլ չէր քնել, եղբոր տուն վերադառնալուց հետո ծածուկ մոտեցել էր լսելու հոր և եղբոր խոսակցությունը։ Եղիկի մահվան պատմությանը թեև նա չհավատաց, բայց տխրությամբ լցված գնաց պառկեց և սկսեց անկողնի մեջ անձայն լալ և աղի արտասուքով բարձը թրջել։ Նախազգում էր, որ յուր սիրելուն վտանգ էր սպառնում և այդ վտանգի առաջն առնելու ճար չուներ։ Հորը հաղթելը հեշտ էր, բայց մեծ եղբայրն ավելի զորավոր էր, ավելի ազդեցություն կարող էր բանեցնել հոր վրա և մտադրությունը գլուխ բերել։ Գալո քեհյեն թեև չէր համոզվում որդու խոսքերով, բայց չէր էլ հերքում նրա ասածները։
Այնքան անկողնում լաց էր եղել, այնքան հեկեկացել էր և այնքան տանջվել, որ թմրել, քնել, մնացել էր։ Արշալույսին, երբ նրա ընկերները բանի-գործի էին, երբ նրան փնտրում էին ոչխար կթողները, մայրը մտավ քիլայը և նրան քնած գտավ։ Քնած տեղը անդադար նա տնքում էր և հառաչում։ Թշվառ մայրը զգաց, որ մի ցավ ուներ աղջիկը, նրան չզարթեցրեց և հարսներին ու թոռներին հրամայեց նրա պարտականությունները կատարել։ Տրտնջում էին հարսները սկեսուրի դատաստանի վրա, հայացքներով իրենց դժգոհությունը հայտնում էին ամուսիններին, որոնք թեև անտեղյակ գործից, հայհոյում էին իրենց կանանց։
Երբ ամեն մարդ յուր բանի-գործին էր, պառավն էլ թոնդիրը վառել, պղնձով ջուրը դրել, խմորի տաշտը մոտեցրել էր օրական հացը թխելու համար, մինչև թոնդրի իջնելը, հարսի գալը, գրդնակն սկսելը, կրկին մտավ աղջկա մոտ և բռնելով նրա դաստակը, ասաց․
— Ասլի ջան, աղջիկս, ի՞նչ ունես, վե՛ր կաց։
Ասլին իսկույն թռավ, ելավ հագավ․ «Բան չկա, մայրիկ»