Այս էջը հաստատված է

Իսկ այդ գիշերն էլ անցկացնելուց հետո Ասլիին տիրեց մի տեսակ հուսահատություն․ նա եզրակացնում էր, որ Եղիկը կամ մեռած էր կամ մի փորձանքի մեջ, որ չվերադարձավ խոստացյալ ժամանակին։ Երկու դեպքն էլ մահացու էր Ասլիի համար, որովհետև եթե մեռած էր, իրեն էլ ի՞նչ հարկավոր էր կյանքը, մի՞թե Եղիկի թշնամուն, նրան սպանող կարծվածին գգվելու, գուրգուրելու և հաճոյանալու համար։ Եթե փորձանքումն էր, շուտով դարձյալ մեռնելու էր, որովհետև ո՞վ պիտի օգներ նրա նման թշվառ և անտեր մարդուն, ո՞վ պիտի պաշտպաներ, ո՞վ պիտի փրկեր։

Այս մտքերը նրան սկսեցին օրեցօր սաստիկ մաշել՝ նա մահվան դիմողի նման աշխատում էր ավելի շատ ժամանակ անցկացնել այն սիրելի վայրերում, որտեղ երկար ժամանակ էր անկացրել յուր սիրեկանի հետ․ ավելի շատ մնալ այն քիլարում, որը եղել էր նրանց առանձնարանը, որպեսզի մեռնելուց առաջ մի կարոտն առնի, հագենա և այնպես գնա, մտնի սև հող։ Գալո քեհյենց քիլարը դարձել էր նրան ննջարան, առանձնարան, ամեն բան։ Թեև անկողնում չէր, թեև ֆիզիկապես ցավ չուներ Ասլին, բայց հոգով տկար էր, սրտով, մտքով հիվանդ։ Դարերից ավելի երկարացավ այդ քսան օրը Ասլիի համար․ այդ օրերում շղթայակապ բանտարկյալ Եղիկը ավելի երջանիկ էր, քան թե Ասլին արդեն սկսում էր կասկածել, որ էլ հավիտյան վերադառնալու չէր յուր Եղիկը։ Երազներով էր միայն մխիթարվում, որոնք միշտ իրեն խաբում էին։

Վերջապես, մի գիշեր լուսամուտի տախտակի բացվելը նկատեց Ասլին, ճչաց, բայց կարծում էր դարձյալ երազ է։ Վայրկենական արագությամբ իջավ Եղիկը, գրկեց նրան, բայց նա ուրախությունից ուշագնաց մնաց նրա կրծքի վրա։

ԺԶ

Մինչդեռ մութ քիլարում Եղիկը աշխատում էր մի կերպ սթափեցնել Ասլիին, պառավ Հերիքնազը, որ աղջկա այս