սառչելը նրանք բարձրացան Ալաջի գագաթը, երկյուղից մինչև կեսօր այնտեղ պահվտեցան։
Եղիկը Դահար բեգի որդու ղավալը առավ և եղանակ ածելով հինգ հովվի կթանը հավաքեց, որոնց թիվը երեք հարյուրի մոտ էր, առաջը խառնեց և քշեց Տիկորի կողքից, անցավ իջավ ուղիղ Ծբնի։ Մթան ժամանակ նա այդտեղից բարձրացավ դեպի Յաղլուճա և այնտեղ յանլա գնացող հայերին բաժանեց ոչխարը կիսովի պահելու։ Այնտեղ գիշերը չկարողանալով հանգստանալ, ելավ հեծավ ձին, քշեց դեպի Քերս։
— Ա՛յ տղերք,— ասաց նրա գնալուց հետո ծբնեցի տերտերը,— այս մարդը խելառ էր, գող էր, կթան ոչխարը առանց գառի որտեղի՞ց բերեց ու ցրվեց քյասումի (կտրվածքով)։
— Բան չունի՛ս, տերտեր, ամեն խեղճ տուն իրեն համար հինգ-տասը կթան ունի, նրանց գառներով դրանք էլ կկթվեն, թող աղքատ մարդիկ շահվին։
— Բան չեմ ասում, բայց․․․
— Երևի քեզ քիչ տվեց․․․
— Չէ, դուն էլ, Գոգոր ամի, մենք մերը շա՞տ շահեցինք, բայց ես վախենում եմ, որ էգուց կթանների տերերը գան ու մերն էլ հետը ետ տանեն։
— Ո՞վ գիտե, ո՞վ կարող է ճանաչել, գիշերս ամենքն էլ կխուզեն, էգուց քառասուն սատանա գա, չի ճանաչիլ նրանց։
— Աստված տա այդպես լինի, բայց վախենում եմ․․․
— Ես ու դու թե բան չխոսենք, վախենալու ոչինչ չի լինի․ ամենից մեծ վախը մեր լեզվիցն է,— ասաց խոսքը կտրելով Գոգոր ամին։
— Գիտե՞ք ինչ կա, տերտեր,— մեջ մտավ մի ուրիշ ծերուկ,— այդ մարդու նստած ձին գիտես, թե մեր Մատո քեհյի իլխից փախցրած ձին է։
— Ես հավատացած եմ, որ այդ մարդը էլ ետ չի՛ գալ,— կրկնեց մի ուրիշը։
— Էհ, լավ կշինեք մեր տունը, «գիտես թե», «ինչի՞ մնաց», «վախենում եմ», «ես հավատացած եմ»․․․ Թողե՛ք,