— Այս սրտիս վրա այնքան վերքեր կան, այնքան խոցեր կան, որ երեք հարյուր տարի էլ դեղ անեն՝ չի բուժվիլ․ միա՛յն սարն ու թվանքը կհովացնեն, կհանգստացնեն։ Տա՛ր ինձ քեզ հետ, հետո լավ կճանաչես Մելոյին։ Այնքան լացով ու հառաչանքով ողջ գիշերներ քաղցած եմ անցկացրել, պատառոտած շորերով գիշերները բաց օդում սրա - նրա մարագում կամ հավանոցում այնքան զնգզնգացել եմ, այնքան ծխաններից եմ իջել մի փոր հացի համար, որ ամեն նեղությունների դիմանալու սովորել եմ. մարդու բեռ չեմ դառնալ, ո՛չ հարստանալու աչք ունիմ, ո՛չ էլ փաշա դառնալու եմ. մեկ այս բորբոքված սրտիս կրակը մարեմ, նրանից հետո մեռնելը մեծ դարդ չէ։
Եղիկը ապուշ - ապուշ նայում էր Մելոյի երեսին և չէր կարողանում պատասխանել։ Նա լսածները և յուր ծրագիրը կազմելու հետ էր։ Մելոն էլ լռեց և մտքովը զայրանում էր անգամ, որ Եղիկը իրեն արհամարհում էր, իրեն խակ տղի տեղ էր դնում։ Բայց բարկությունից երկար չկարողացավ զսպել ինքն - իրեն, ասաց վրդովված.
— Ինչի՞ չես պատասխանում, Եղիկ ախպեր, կասկածու՞մ ես ինձ վրա։
— Ո՛չ կասկածում եմ, ո՛չ էլ մերժում քո խնդիրքը, ուզում ես՝ կարող ես գալ. դու ինձ բեռ չես դառնալ։ Բայց թո՛ղ ինձ, ես դեռ քիչ էլ մտածեմ։
Մելոն ուրախությունից գրկեց նրան, այնպես սեղմեց կրծքին, որ կարծես յուր պաշտած սիրականը լիներ, որի կարոտը յոթ տարի քաշելիս լիներ։ Եղիկին թեև Միրզան յուր վշտերը պատմել էր, բայց նա նկարագրել էր յուր տեսակետով՝ փողերի, մյուլքերի և այգեստանների կորուստն էր ողբացել, որոնցից իրենց զրկել էր մի անգութ ղադի, բայց Մելոյի խոսքերից երևում էր, որ դեռ շատ նեղ օրեր էլ տեսած էին եղել, որոնք այնքան չէին վրդովել ոսկեպաշտ չարչուն։
— Ի՞նչ է դիտավորությունդ, ինչի՞ ես այդքան ուզում ինձ հետ գալ,— ասաց Եղիկը քիչ հետո։
— Ես մի ժամ առաջ լսեցի քեհյի օդայում, թե ինչպես էին խոսում քո քաջությունների մասին, ինչպես էին ծաղրում այն