Երեք օր հետո Եղիկն ու Մելոն Էրզրումում ձիերը ծախելուց հետո ճանապարհ ընկան Հասան-ղալայի վրայով դեպի Ալաշկերտ։ Ուրախ գնում էր Մելոն, նա ըղձալի ասպարեզի վրա էր կանգնած. զարդարվել էր Էրզրումում ձեռք բերած զենքերով ու շորերով և ազատ դաշտերում, ձորերում ու սարերի վրա մտրակում էր ձին։
Եղիկը մտախոհ նրան էր հետևում։ Ոչ մի բան նրա աչքից չէր հեռացնում Ասլիին. գիշեր-ցերեկ Ասլիի մոտ էր։ Ո՞ւր տաներ Ասլիին. Քերսում նրան արդեն կարող էին մատնել, Շյորագյալում նրան բոլորը ճանաչում էին. ո՞ւր գնար, որ կարողանար երևակայած խաղաղ կյանքը գտնել։ Այս մտածմունքները ժամերով նրան տանջում էին և ապահով կյանքի մի ապահով անկյուն նա չէր գտնում աշխարհում, ամեն տեղ երևակայում էր հարստահարողներ, կեղեքիչներ և թշվառի վարձը կուլ տվողներ։
Նա չէր կարող գողանալով ապրել, նա չէր ցանկանում ուրիշի վաստակածը հափշտակել, նա գիտեր, թե որքան ցավալի է աշխատողի համար յուր ամեն մի կոպեկից զրկվելը, նա գիտեր, թե ինչ անտանելի վիշտ է դատողի համար տեսնել յուր դառն աշխատության ձեռք բերած բարիքներով իրեն կողոպտողի արած շռայլությունները, զեխությունները։ Այդ կասկածները յուր կաշու վրա էր փորձել և այդ վերքերի սպիները սրտի վրա թարախոտվում, մաղձոտվում էին։ Քսանևհինգ տարեկան էր, քսանհինգ տարին էլ տանջանքով ու զրկանքով էր անցկացրել, յոթ տարեկան հասակում վարձով ծառայության էր մտել, տասնևութ տարի ուրիշի դռանն էր ծառայել, տիրոջ՝ իրեն վարձողի դարդ էր քաշել ու միշտ զրկվել, անարգվել, հառաչել և ցանկացած վայելքների կարոտը քաշել։ Եղիկը մտածում էր՝ ինչպե՞ս ապրել այնպիսի դրացիների հետ, որոնք գիշեր-ցերեկ աչք ունեին մեկը մյուսի ստացվածքի վրա, իրար շողոքորթում էին, ոտքերը լիզում, օրական հազար անգամ երդվում իրենց անկեղծ բարեկամության մասին