մեկը մյուսի համար կյանքերը զոհելու պատրաստակամություն էին ցույց տալիս, բայց ամեն րոպե պատրաստվում էին իրար գլուխ փշրելու, փորը թափելու և արյունը ծծելու, պատեհ առիթ ձեռք ձգելուն պես։
Նա, որ ո՛չ ՛կարող էր շողոքորթել, ո՛չ խաբել, ո՛չ էլ զրկել, ինչպե՛՞ս յոլա երթար այդպիսի դրացիների հետ։ Այս մտածություններից երբեմն-երբեմն նրան սթափեցնում էին Մելոյի գնդակները, որոնք որոտալով գլորում էին այս ու այն կողմը զանազան որսեր։
Ո՞ւր էր գնում Եղիկը, ինքն էլ չգիտեր, միայն նրա բոլոր մտածմունքները կենտրոնացած էին Ասլիով, որը մագնիսի նման իրեն էր քաշում։ Էրզրումից նրա համար դարձյալ նոր– նոր զարդեր ու շորեր էր առել, դրանք մտածում էր մի կերպ տեղ հասցնել։ Բայց չէր կարողանում վճռել հեռացնելու Ասլիին հոր բնակարանից, որտեղ խղճալին ալեկոծված նավի նման տատանվում, ծփում էր ամեն ժամ ապառաժների բախվելու զարհուրելի երկյուղից։
Երբ Ալաշկերտի գյուղն անցան, մտան Գելի ձոր, նրանք պատահեցան մի հիսուն ձիուց բաղկացած քարավանի, որը Տրապիզոնից ապրանք էր տեղափոխում Պարսկաստան։ Ամենանեղ կիրճում նրանք իրար դիմավորեցին։
— Բարի հաջողում,— ասաց Եղիկը, ձին առաջ քշելով ղաթրջի բաշուն (քարավանապետին)։
— Աստծու բարին,— պատասխանեց ղաթրջի բաշին,— ձեզ էլ բարի հաջողում։
Երբ քսան քայլի չափ հեռացան, Մելոն ասաց Եղիկին. — Նա՛ է։
— Ո՞վ է։
— Այն փուչ Օսման-Ղավազը, որ միանալով Ջավո բեդի, Բեքիր աղայի հետ, մեր հարյուր բեռ ապրանքը կուլ տվեց և սուտ վկաներով հաստատեց, որ իրեն կողոպտել են։
— Ի՞նչ անենք։
— Զոհի փոխարեն զո՛հ, կողոպտենք ապրանքը։
— Գուցե ապրանքը թշվառ և բարի մարդկանց է պատկանում